Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) վերահսկողական և կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը հրապարակել է կազմակերպության որոշումը՝ կապված Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ու «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև ծագած կոնֆլիկտի վերաբերյալ։
ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Կրասնոդար» – «Ախմատ» խաղի ժամանակ (2:0) Նդոնգը հարվածել էր Սպերցյանի ծնոտին, ապա նրան մեղադրել էր ռասիստական վիրավորանքներ հասցնելու մեջ, ինչը Էդուարդը հերքել է։ ՌՖՄ-ն որևէ ապացույց չի գտել, որ «Կրասնոդարի» ավագը իրականում ռասիստական վիրավորանքներ է հասցրել մրցակցին։ Այնուամենայնիվ, Սպերցյանը տուգանվել է վիրավորական վարքագծի համար։
Այսպիսով, Նդոնգը որակազրկվել է երկու խաղով՝ մեկ փաստացի և մեկ պայմանական որակազրկմամբ, իսկ Սպերցյանն էլ ոչ ռասիստական վիրավորանքի համար տուգանվել է 150 հազար ռուբլիով։