16 Հոկտեմբերի 2025, 18:15
Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեն (ՎԿԿ) ուժի մեջ է թողել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ տեղի ունեցած միջադեպի համար Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգին կարմիր քարտ տալու որոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը։
«ՎԿԿ-ն կայացրել է հետևյալ որոշումը՝ ագրեսիվ պահվածքի համար Նդոնգին որակազրկել ՌՊԼ-ի երկու խաղով։ Սահմանվել է նաև փորձաշրջան մինչև մրցաշրջանի ավարտը», — հայտարարել է Գրիգորյանցը։
Ինչպես հաղորդում է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը, Սպերցյանը չի որակազրկվել, այլ 150 հազար ռուբլով տուգանվել է ոչ սպորտային պահվածքի համար: Ոչ ոք այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ Սպերցյանը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում Նդոնգի և Սպերցյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել: Մրցավարը խաղի տեսակրկնությունը դիտելուց հետո «ագրեսիվ պահվածքի համար» խաղադաշտից հեռացրել էր սենեգալցուն, իսկ Սպերցյանին դեղին քարտ էր տվել «սադրիչ գործողությունների համար»։ Խաղի ավարտից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստը ռասիստական վիրավորական արտահայտություն է թույլ տվել: