«Պուտինի, Լուկաշենկոյի և Ալիևի ռեժիմների համար անկախ լրագրողը հաճախ ավելի կարևոր թիրախ է, քան հակառակորդի զինվորականը»

«Ավտորիտար ռեժիմների պատերազմական հանցագործությունների հետաքննությունները»․ հարակից միջոցառում Վարշավայում

Վարշավայում ընթացող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած հարակից միջոցառումը՝ «Ավտորիտար ռեժիմների պատերազմական հանցագործությունների հետաքննությունները» խորագրով։

Բանախոսներն էին «Բելառուսական հետաքննական կենտրոնի» ղեկավար Ստանիսլավ Իվաշկևիչը, ուկրաինական Detector Media-ի տնօրեն Գալինա Պետրենկոն և հայկական CivilNetCheck-ի խմբագիր Անի Գրիգորյանը։ Նրանք ներկայացրին, թե ինչպես են լրագրողները փաստագրում պատերազմական հանցագործությունները՝ հաճախ աշխատելով վտանգի տակ կամ փակ սահմանների պայմաններում։

Բանախոսները պատմեցին Ուկրաինայի օկուպացրած տարածքներում և Բելառուսի տարածքով կատարված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի կատարած հանցագործությունների մասին:

Քննարկվեց նաև, թե ինչպես են ավտորիտար ռեժիմները փորձում լռեցնել անկախ մամուլը՝ միաժամանակ թաքցնելով պատերազմական հանցագործությունները։ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Բելառուսի ռեժիմները չեն հանդուրժում անկախ մամուլ, և լրագրողները ստիպված են հետաքննություններ կատարել հեռակա եղանակով` չունենալով հասանելիություն հանցագործության կատարման վայրին: Բանախոսներն ընդգծեցին, որ տեխնոլոգիաները՝ արբանյակային պատկերներից մինչև բաց աղբյուրների վերլուծություն, այսօր հաճախ թույլ են տալիս հետաքննող լրագրողներին բացահայտել ճշմարտությունն անգամ ամենափակ տարածքներում։

Նշվեց, որ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի ռեժիմների համար անկախ լրագրողը հաճախ ավելի կարևոր թիրախ է, քան հակառակորդի զինվորականը: Դա դրսևորվում է տարբեր իրավիճակներում լրագրողների թիրախավորման, ինչպես նաև գերեվարված լրագրողների խոշտանգումների ու սպանությունների ձևով:

Անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակին․ երկու դեպքում էլ պատերազմական հանցագործությունների մասին պատմող լրագրողները վտանգել են իրենց կյանքը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները մեկ անգամ ևս ընդգծեցին՝ անկախ լրագրությունը ոչ միայն տեղեկատվական, այլ նաև մարդասիրական առաքելություն է՝ բռնապետական ռեժիմների հանցագործությունները բացահայտելու և մարդկանց ձայնը լսելի դարձնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment