Կանխատեսվում են ծանր ժամանակներ․ Հարությունյանցը հեռանում է Ռոստովի նախագահի պաշտոնից

«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ 51-ամյա ֆունկցիոները «Ռոստովի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունիսից։

«Սիրելի երկրպագուներ: Ես որոշում եմ կայացրել հանել իմ լիազորությունները «Ռոստով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնից: Այս որոշումը հեշտ չէր, քանի որ «Ռոստովը» ինձ համար, որպես ռոստովցու, պարզապես ակումբ չէ: Դա մեր քաղաքի մեծ պատմությունն է, հազարավոր նվիրված երկրպագուներ ամբողջ երկրում, հաղթանակների ուրախությունն ու պարտությունների դառնությունը, որոնց միջով մենք միասին անցանք ութ տարիների ընթացքում: Դա անմոռանալի ժամանակ էր: Իմ հարազատ ու սիրելի ակումբի նախագահ լինելը պատիվ էր ինձ համար:

Մենք ունեցել ենք հիանալի թիմ: Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել ակումբի հետ և իրենց ներդրումն են ունեցել: Ես հպարտ եմ յուրաքանչյուրովդ: Ղեկավարությունը, խաղացողները, մարզչական շտաբը փոխվում են, իսկ ակումբն ու երկրպագուները մնում են հավերժ: Ինչպես նախկինում, հույս ունեմ ձեր աջակցությանը «Ռոստովին» մարզադաշտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ այս բոլոր տարիների ընթացքում եղած վստահության և մթնոլորտի համար», — ասված է Հարությունյանցի հայտարարության մեջ «Ռոստովի» Telegram-ալիքում:

«Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն «Матч ТВ»-ին հայտնել է, որ «Ռոստովին» ծանր ժամանակներ են սպասվում Արտաշես Հարությունյանցի հեռանալուց հետո:

«Ես կարող եմ Հարությունյանցի աշխատանքը գնահատել միայն դրական: Շատ լավ բաներ են արվել, բազմաթիվ խաղացողներ են բացահայտվել ռուսական ֆուտբոլի համար: Կարծում եմ, որ ռոստովյան ֆուտբոլի պատմության լուսավոր էջը թերթվում է, և այժմ ակումբին ծանր ժամանակներ են սպասվում: Ով էլ գա, ներառյալ (Իվան) Սավվիդին, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի: Չգիտեմ, թե որքան կբավականացնի Հարությունյանցի օրոք ձեռք բերված պաշարը, բայց գարնանը «Ռոստովը» հավանաբար կպայքարի գոյատևման համար: Եվ փաստ չէ, որ այդ պայքարը հաջող կավարտվի: Կարևորագույն խաղացողների հիմնական մասը շուտով կլքի թիմը, մարզչական շտաբը՝ նույնպես: Այնպես որ, ոչ մի լավ բան ակումբին չի սպասվում», — ասել է Չերվիչենկոն «Матч ТВ»-ի թղթակցին:

Հիշեցնենք, որ «Ռոստովում» է հանդես գալիս մեր հայրենակից, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

«Ռոստովը» ՌՊԼ-ի 11 տուրերից հետո 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։

Leave a Comment