Վարպետաց դաս նվիրված երկու մայրաքաղաքների հնագույն թաղամասերին՝ Զամոսկվորեչյե և Կոնդ

Այսօր Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնում անցկացվեց վարպետաց դաս՝ նվիրված Երևանի և Մոսկվայի ամենահին թաղամասերին՝ Կոնդին և Զամոսկվորեչյեին։ Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Երևանի ծննդյան օրվա շրջանակում։

Վարպետաց դասը վարում էր ճարտարապետ, ART OK.NO դպրոցի համահիմնադիր Վիկտորիա Սոցկովան։ Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն էր երեխաներին ծանոթացնել երկու մայրաքաղաքների հին ճարտարապետությանը և խթանել նրանց ստեղծագործական երևակայությունը։

«Քանի որ օրերս բոլորի ուշադրության կենտրոնում Երևանն է, որի սրտում տեղակայված է «Դոմ Մոսկվին», երեխաներին նախ ներկայացվեցին տեղեկություններ և լուսանկարներ Կոնդի և Զամոսկվորեչյեի մասին։ Այնուհետև նրանց առաջարկվեց պատրաստել այդ թաղամասերը պատկերող 3D բացիկներ։ Պետք է ասեմ, որ նրանք հիանալի աշխատանքներ կատարեցին՝ արտահայտելով այն, ինչ զգացել և մտապահել էին։ Բացի այդ, նրանք մասնակցեցին նաև վիկտորինայի՝ ցույց տալով, թե ինչպես են յուրացրել նյութը», – նշեց ճարտարապետը՝ հավելելով, որ ինքը ART OK.NO ճարտարապետական դպրոցի սաների հետ արդեն շրջել է Կոնդում։

Դպրոցական Մակար Վոյնիչը պատմեց իր տպավորությունների մասին․ «Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք։ Ես մի բացիկ պատրաստեցի հին Մոսկվայի մասին, մյուսը՝ Երևանի։ Շատ բան իմացա շենքերի և դրանց բնակիչների մասին»։

Երեխաներին ուղեկցող մեծահասակները ևս տպավորված էին միջոցառման ձևաչափով։ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Միլենա Ակոպովան նշեց․ «Ամեն ինչ շատ լավ էր մտածված։ Բացի նրանից, որ երեխաները նոր գիտելիքներ ստացան և դրական լիցքեր ձեռք բերեցին, նրանք նաև կարողացան միացնել իրենց երևակայությունը։ Արդյունքները գերազանցեցին իմ սպասումները։ Հրաշալի էր, որ այս ընթացքում նրանք կտրվեցին հեռախոսներից և զբաղվեցին ստեղծագործական աշխատանքով։ Իսկ որքան շատ երեխաները ստեղծագործեն, այնքան ավելի շատ են զարգանում»։

Միջոցառման ավարտին երեխաները նվերներ ստացան՝ Մոսկվային նվիրված սեղանի խաղեր։

Leave a Comment