
Երեքշաբթի ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմը հայտարարել է, որ Իսրայելի բանակը կրակ է բացել Գազայի բնակիչների վրա՝ խախտելով հրադադարի համաձայնագրի պայմանները։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին, որ զինվորները կրակ են բացել մի քանի կասկածյալների վրա, որոնք շարժվել են դեպի հյուսիսային Գազայի հատվածի ռազմական դիրքերը։
«Այսօր առավոտյան Իսրայելի բանակը հարձակումներ է սկսել Գազայի հատվածի վրա, սպանվել է մի քանի բնակիչ։ Սա համարվում է հրադադարի համաձայնագրի խախտում։ Մենք կրկին կոչ ենք անում տարբեր կողմերին վերահսկել Իսրայելի գործողությունները և թույլ չտալ, որ նա խուսափի Գազայում պատերազմը դադարեցնելու համար միջնորդների առջև ստանձնած իր պարտավորություններից »,-ասել է նա։
«Ալ Արաբիան» հաղորդել է, որ Իսրայելի կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է Խան Յունիսում, հարավային Գազայի հատվածում, և հինգը՝ արևելյան Գազա քաղաքում։