ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի հատուկ տրիբունալին՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հանցագործությունները հետաքննելու համար

Քաղաքականություն

14.10.2025 | 15:18

Կիև կատարած այցի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ ԵՄ-ն առաջին 10 միլիոն եվրոն է հատկացնում հատուկ տրիբունալին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու համար, գրում է Current time-ը։

«Մենք առաջին 10 միլիոն եվրոն ենք հատկացնում հատուկ տրիբունալին՝ երաշխավորելու  համար, որ ագրեսիայի հանցագործությունների համար պատասխանատուները չխուսափեն արդարադատությունից»,- ասել է Կալլասը X-ում գրառման մեջ։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ապացույցներն ակնհայտ են»։

Հավելենք, որ հատուկ տրիբունալի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ստրասբուրգում 2025 թվականի հունիսի 25-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի կողմից: Փաստաթուղթն Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից վավերացվել է հուլիսի 15-ին։

Հատուկ տրիբունալը կգործի Եվրոպայի խորհրդի շրջանակում և կունենա մանդատ՝ ագրեսոր պետության բարձրագույն ղեկավարությանը հետապնդելու Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար։ Զելենսկին ասել է, որ դատարանը հնարավորություն է տալիս պատասխանատվության ենթարկել ագրեսիայի հանցագործության համար պատասխանատուներին։

«Այլ հաստատությունները, նույնիսկ միջազգայինները, չունեն դրա համար անհրաժեշտ գործիքներ, և մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի»,- ասել էր նա։

2024 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի և  երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի կալանքի օրդեր էր տվել՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment