Առաջնահերթությունը Հայաստանի դեմ խաղում հաղթանակն է․ Պետեր Լիպչեյ — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլում կհանդիպի Հունգարիայի ընտրանու հետ: Հունգարիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 58-ամյա Պետեր Լիպչեյը կարծում է, որ խաղը բարդ կլինի, սակայն իր թիմը պետք է ապահովի խմբում երկրորդ տեղը՝ փլեյ-օֆֆ փուլ անցնելու հնարավորություն ստանալու համար:

«Խաղը հեշտ չի լինի, բայց մեր թիմն ունի բավարար ներուժ հաղթանակ տանելու համար: Տնային խաղում մենք պարտավոր ենք երեք միավոր վաստակել: Պորտուգալիայի դեմ արտագնա հանդիպումը շատ ավելի բարդ կլինի, սակայն մեր հիմնական նպատակը երկրորդ տեղն է: Այնուհետև կհետևենք մյուս խաղերի արդյունքներին: Պորտուգալիայի հավաքականը չափազանց ուժեղ է, և նրանց դեմ արտագնա հաղթանակը գրեթե անիրատեսական է: Իհարկե, կցանկանայի, որ առնվազն մեկ միավոր վաստակենք, բայց առաջնահերթությունը Հայաստանի դեմ խաղում հաղթանակն է:

Հուսով եմ՝ երկրպագուների աջակցությամբ կկարողանանք ամուր պաշտպանություն կառուցել և խուսափել գոլ ընդունելուց: Հարձակման գծում պետք է առավելագույնս օգտագործենք ստեղծվող հնարավորությունները: Երեք միավոր վաստակելը կարևորագույն խնդիր է: Բարնաբաշ Վարգայի բացակայությունը, ով գերազանց մարզավիճակում է և վտանգավոր հարձակվող է, մեծ կորուստ է: Չգիտեմ, թե մարզիչը ում կընտրի նրա փոխարեն, սակայն վստահ եմ, որ ընտրությունը կկատարվի հօգուտ խաղացողի, որը կենտրոնացած կլինի գոլ խփելու վրա»,- հայտարարել է «Շորոկսարի» գլխավոր մարզիչը M4 Sport-ին:

Leave a Comment