Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Սա Վալտոնենի առաջին այցելությունն է Հարավային Կովկաս՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, հայտնում է Ֆինլանդիայի կառավարությունը։
Այցի շրջանակում նախարար Վալտոնենը կհանդիպի երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և վերլուծական կենտրոնների հետ։
«Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումները կկենտրոնանան երկու երկրների հարաբերությունների կարգավորման վրա։ Այս տարի այդ ուղղությամբ ձեռնարկվել են կարևոր քայլեր։ Ֆինլանդիան աջակցում է երկու երկրների ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,-նշել է Վալտոնենը։
Վրաստան այցի հիմնական թեման է լինելու Ժնևի միջազգային քննարկումները (ԺՄՔ), որոնք վերաբերում են 2008 թվականի պատերազմի հետևանքներին։ ԵԱՀԿ-ն համանախագահում է այս գործընթացը, և Վալտոնենն ընդգծել է կազմակերպության կարևոր դերը դրա իրականացման գործում։
Նախարարը պատրաստվում է անդրադառնալ նաև Վրաստանում քաղաքացիական հասարակության իրավիճակին՝ շեշտելով դրա նշանակությունը ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Վրաստանում քաղաքացիական տարածքի կրճատումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Իմ այցի նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ձգտում է ամրապնդել ազատ քաղաքացիական հասարակության դերը եվրոպական անվտանգության և ԵԱՀԿ արժեքների պահպանման գործում»,-նշել է Վալտոնենը։
Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնում 1975թ․ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների պահպանմանը։ Այս տարի լրանում է այդ պատմական փաստաթղթի ընդունման 50-ամյակը, որը հիմք է դարձել եվրոպական անվտանգության ճարտարապետության ձևավորման համար։