Երբեմն վերջին պահին տեղեկանալը նույնիսկ օգտակար է. Մխիթարյանը՝ Կիվուի մարզչական մոտեցման մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։

— Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հիմնական կազմը հայտնի է դառնում խաղից ընդամենը երեք ժամ առաջ։

— Դա պետք է ընդունել՝ անկախ նրանից՝ դուր է գալիս, թե ոչ։ Հասկանում եմ, որ ոմանք նախընտրում են ավելի վաղ իմանալ՝ հոգեբանորեն պատրաստվելու համար, բայց ֆուտբոլիստը միշտ պետք է պատրաստ լինի։ Երբեմն վերջին պահին տեղեկանալը նույնիսկ օգտակար է, քանի որ ստիպում է կենտրոնացած մնալ։ Եթե մտածես, որ չես խաղալու հիմնական կազմում, կարող ես բացասական տրամադրվել և վնասել թիմին։

— Ինչպե՞ս կբնորոշեք Կիվուի մարզչական մոտեցումը։

— Դեռ վաղ է վերջնական գնահատական տալ, քանի որ միասին աշխատում ենք ընդամենը մի քանի ամիս, բայց նրա մանրակրկիտ մոտեցումն ինձ շատ է դուր գալիս։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մանրամասներին, ինչը մեծ մարզիչների հատկանիշ է։ Նրա մարզումները դինամիկ են, ինտենսիվ, երբեմն խառնաշփոթ, բայց միշտ հետաքրքիր և ֆիզիկապես պահանջկոտ։ Դա մեզ պահում է կենտրոնացված, և այդ էներգիան փոխանցվում է խաղերին։ Կիվուն օգնել է թիմին հոգեբանորեն առաջ շարժվել նախորդ մրցաշրջանից հետո՝ անցյալը մնում է անցյալում, բայց ապագան կարելի է կերտել։

— Ձեր գրքում նշել եք, որ ֆուտբոլում միշտ փնտրել եք հայրական կերպար։ Բայց Կիվուն Ձեզնից ընդամենը մի քանի տարով է մեծ։

— Այո, 36 տարեկանում մարզիչների հետ տարիքային տարբերությունն ավելի փոքր է։ Կիվուի հետ մեր հարաբերություններն ավելի շատ նման են մեծ և փոքր եղբայրների հարաբերությունների, քան հայր և որդու։ Բայց, իհարկե, հարգանքը միշտ առկա է, քանի որ նա մարզիչն է, իսկ ես՝ խաղացողը։ Այդ սահմանը միշտ պահպանվում է։

Leave a Comment