Հնարավոր չէ՞ գոնե լռել

Ժողովրդական մի խոսք կա՝ «Ուղտը նստել, կուզեկուզ են ման գալիս»: Դա, մասնավորապես, նշանակում է՝ անել արարքներ, որոնց ստորությունն ակնհայտ է, բայց անհաջող ձեւեր թափել, թե իբր այդ արարքների ստորությունը նկատելի չէ:

Թե ինչ էր տեղի ունենում 1930-ական թվականներին Խորհրդային Միությունում, մենք գիտենք գրքերից եւ փաստաթղթերից: Այդ աղբյուրները վկայում են, որ տոտալիտար տեռորին ինչ-որ ձեւով (նույնիսկ լռելով) հակադրվելը հնարավոր չէր: Բայց կարող եմ ասել, որ իրավիճակը բացարձակապես այլ էր իմ մանկության եւ պատանեկության տարիներին: Երբ կոմունիստական իշխանությունը հաշվեհարդար էր տեսնում այլախոհների հետ, բացարձակապես պարտադիր չէր դուրս գալ «բեմահարթակ» եւ շնորհակալություն հայտնել հարազատ կուսակցությանն ու կառավարությանը, ինչպես նաեւ նույնքան հարազատ ԿԳԲ-ին ու դատարաններին՝ «թշնամական տարրերին մեկուսացնելու» համար: Ովքեր նման ձեւով էին վարվում, այդ մարդկանց ստորաքարշությունը բոլորի համար ակնհայտ էր դառնում:

Հիմա՝ առավել եւս: Կարծում եմ, բոլորին, այդ թվում՝ ամենավերջին անգրագետին, միանգամայն պարզ է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը զինված հեղաշրջման կոչ չէր արել: Եթե 2024 թվականի փետրվարին նրա տված հարցազրույցում նման կոչ լիներ, ապա դրա վրա ուշադրություն կդարձնեին հենց այդ ժամանակ, ոչ թե 2025 թվականի հունիսին: Ստացվում է, որ իշխանությունը մեկ տարի չորս ամիս «խորհում էր» այդ կոչի վտանգավորության մասին:

Չնայած մեղադրանքի ողջ անհեթեթությանը, ՔՊ-ականներն ու ՔՊ-ամերձ կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են կրկնել այն: Դա ինչ-որ տեղ հասկանալի է՝ մարդիկ պարտավորված են «իրավական տեսք տալ» իրենց շեֆի վախերին, բարդույթներին եւ քմահաճույքներին: Հակառակ դեպքում կարիերան, պաշտոնները, բիզնեսները կարող են հարցականի տակ դրվել:

Բայց մնացածներին եւ առաջին հերթին՝ իրավապաշտպաններին, ես չեմ հասկանում: Ենթադրենք, եվրոպական կառույցների կողմից հրահանգ կա՝ ներկայացնել Հայաստանը որպես «ժողովրդավարության բաստիոն»: Հնարավորություն չկա՞ արդյոք գոնե լռել եւ հանդես չգալ հօգուտ ակնհայտ ապօրինության եւ չողջունել քաղբանտարկյալների առկայությունը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment