«Երազանքս Արցախ վերադարձն է» – Ազգ

«Ազգի»  սեպտեմբերի 26-ի, հոկտեմբերի 3-ի համարներում ներկայացրել էինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ մեր զրույցը, որի եզրափակիչ մասը՝ ստորեւ:

 -Շվեյցարիա մեկնել չեմ կարող. վիզա է տրամադրում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը, որ 070 նշմամբ անձնագիր ունեցողներիս վիզա չի տրամադրում: Ֆրանսիայի, Գերմանիայի պարագայում նման խնդիր չունենք: Արեւելյան Եվրոպայի երկրները չեն տրամադրում՝ բացատրելով, որ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ այդ անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, ուստի չեն կարող տրամադրել մուտքի արտոնագիր: Բայց սա աբսուրդային բացատրություն է, քանի որ ԱՄՆ մեկնել կարող եմ, 10 տարով վիզա եմ ստացել: Ապրիլ- մայիսին եղել եմ Ավստրալիայում: Նախորդիվ եղել եմ Արգենտինայում:

Ինչու՞ չեք ուզում ստանալ ՀՀ քաղաքացիություն:

– Դեռ այդ որոշումը չեմ կայացրել, ժամանակի հարց է: Սկզբունքային դրա դեմ ոչինչ չունեմ, միշտ ասել եմ, որ ի վերջո բոլորս ստանալու ենք ՀՀ քաղաքացիություն: Բացի մուտքի արտոնագիրը, կենսագործունեության այլ բնագավառում իմ 070 նշումով անձնագիրը խոչընդոտ չի հարուցել: Մեծ հաշվով անձնագիրը փոխելու, նորը ստանալու մոտիվացիա չեմ ունեցել: Արցախցիների որոշումն է՝ ընդունել կամ չընդունելը:  Բացատրում եմ՝ եթե վերադարձի իրավունքի հետ կապված մտավախություն ունեք, կարող եք չմտահոգվել, որովհետեւ միջազգային իրավունքն այն համարում է բացարձակ եւ չի կապում այլ երկրի քաղաքացիություն ստանալու հանգամանքի հետ: Կարող ես ստանալ Ֆրանսիայի քաղաքացիություն, բայց պահպանես Արցախ վերադառնալու քո իրավունքը: Դա է իմ պատասխանը:

Մեր զրույցի հենց սկզբում դուք դժգոհեցիք թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: :

-Նախ՝ ոչ թե դժգոհեցի, այլ այսպես ձեւակերպեմ՝ իմ պատկերացումները Սփյուռքի մասին շատ ավելի բյուրեղային էին, քան այն, ինչ ցավոք տեսնում եմ տարբեր համայնքներ այցելելիս: Չեմ մեղադրում սփյուռքին, քանի որ հասկանում եմ, կա շատ մեծ հիասթափություն:

Ումի՞ց, ինչի՞ց:

-Պարտությունից: Տարիներ ի վեր ապրել են Արցախ ունենալու գաղափարով, հիմա կոտրված են: Միշտ ասում եմ՝ ժողովուրդ, ամենաառաջինը ես կարող եմ կոտրվել, որովհետեւ, եթե դուք գաղափարն եք կորցրել, ես կորցրել եմ այն տեղը, որի հետ իմ ամեն ինչն է կապված՝ տունը, տեղը, երազանքները:

Կորցրե՞լ եք ձեր երազանքները:

-Օրեր են լինում՝ վերագտնում եմ երազանքներս, օրեր են լինում ՝ նորից կորցնում եմ:

Իսկ ո՞րն է հիմա ձեր երազանքը:

-Վերադարձը:

Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշարձանը՝ «Ձեր հոգիները մեզ հետ են, մեր կողքին» մակագրությամբ։

Առաջ ի՞նչն էր: Անկա՞խ Արցախը, թե՞ ՀՀ- ին միանալը:

-Ես կրթություն եմ ստացել Երեւանում, առնվազն 6 տարի հնարավորություն եմ ունեցել ապրել այստեղ: Հետո աշխատել Արցախում՝ միշտ նպատակ ունենալով, որ մեր վերջնահանգրվանը պետք է լինի մայր Հայաստանին միավորումը: Կարծում եմ կեղծ են այն բոլոր պնդումները, թե արցախցիներն անկախ պետություն էին ուզում, այլ ոչ՝ միավորում: Սա չգիտեմ ո՞ր շրջանակներից եկած կեղծ պնդում է: Արցախցին երբեւէ չի հրաժարվել մայր հայրենքին վերամիավորման գաղափարից:

Շատ-շատերն են սփյուռքից ասում՝ լավ, ամեն ինչ ավարտված է, մնում ես այդտեղ ի՞նչ անես, քո պոտենցիալով ինչու՞ չես գալիս օրինակ ԱՄՆ:

 -120 հազար արցախցի մուտք գործե՞ց ՀՀ: Նրանցից քանի՞սն են ՀՀ- ում: Կա՞ վիճակագրություն:

-Եթե խոսքը 2023 թվականին մուտք գործածների մասին է, 115 հազար է:
115 հազարից 16 հազարը լքել է, մեծ մասը ՌԴ է մեկնել՝ աշխատանքի, ավելի լավ սոցիալական պայմանների համար:

Դա կորա՞ծ զանգված է:

-Չեմ կարծում: Կորած զանգված են ԱՄՆ, Եվրոպա մեկնածները, որոնց, ցավոք սրտի, հետ բերելն անհնար է լինելու: Կա ծրագիր Հունգարիա տանելու: Տեղահանված ընտանիքներին տեղափոխում են, մեկ տարով ամբողջական ապահովում:

Քանի՞ հոգի է օգտվել այդ ծրագրից:

-Եթե չեմ սխալվում, տարվա վերջում իրենց պլաններով պիտի 300- ի հասցնեին: Վստահ չեմ՝ 300 հոգի են, թե՞ 300 ընտանիք:

Հունգարիա գնում են վստահելո՞վ Հունգարիայի այն իշխանություններին, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ալիեւին:

– Իմ տեղեկություններով, ծրագիրն իրականացնում է քրիստոնեական կազմակերպությունը, շահագրգիռ լինելով, որ Հունգարիայում ավելանա քրիստոնյաների թիվը:

Հայերը շատ վաղուց են հաստատվել Հունգարիայում, խոսքը նրանց մասին չէ:  Արցախցին չունի՞ այն հիշողությունը, որ ի վերջո այս վայրում էր, որ սպա Գուրգեն Մարգարյանին գլխատեց Ռամիլ Սաֆարովը, Ալիեւը գնեց նրան Հունգարիայի վարչապետ Օրբանից, որն այսօր էլ պաշտոնավարում է: Չունե՞նք հիշողություն, երդում, որ այդ երկրում չենք կարող հանգիստ գտնել, մանավանդ Հունգարիան ներում չի հայցել ՀՀ-ից, մեր ժողովրդից:

-Անհատական որոշման հարց է, չեմ կարծում, թե այնտեղ տեղափոխվողները դրա մասին չեն հիշում, երեւի ավելի թեթեւ կյանքի հետեւից են գնում:

Իրավունք ունե՞նք այդպես ապրելու:

-Եթե  գտնեի, որ դա է ճիշտ ապրելաձեւը, միգուցե ես էլ մի տեղ գնայի, բայց քանի դեռ մնում եւ պայքարում եմ, նշանակում է, որ ես այդ արժեքի կրող չեմ: Բոլորը մեծ-մեծ խոսում են: «Արցախ, Արցախ» են ասում, բայց իրական հողի վրա որեւէ մեկն աջակցություն չի ցուցաբերում: Կազմել եմ ծրագրեր, դիմել տարբեր հիմնադրամների, շահագրգռված չեն:

Հայաստանյան ընդդիմությունն ի՞նչ է անում, օգնու՞մ է ֆինանսապես:

-Ես չգիտեմ:

Նախկին երկու նախագահներն ի՞նչ են անում: Իրենց գրպանը բա՞ց են անում ձեր կարիքների համար:

-Ճիշտ եք ասում: Առաջինն իրենք պիտի շահագրգիռ լինեին: Ոչ միայն իրենք, այլեւ ծագումով արցախցի գործարարներ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ դրսում: Չեմ տեսնում նրանց ակտիվությունը: Կարծես թե Արցախի գաղափարը պահպանելու բեռը մնացել է մի քանի հոգու ուսերին: Չեմ կաշկանդվում դրա մասին խոսել: «Արցախ» հեռուստաընկերությունն էլ ԼՂ ներկայացուցչության այս շենքում: Մենք ի՞նչ գաղափար դրեցինք դրա մեջ՝ հնարավորինս հեռու պահել հայաստանյան ներքաղաքական գզվռտոցներից, Արցախի պահպանման, Արցախի պաշտպանության, արցախցիների խնդիրների մասին բարձրաձայնել: Հեռուստատեսությունը պահպանման խնդիր ունի:  Արցախի ՄԻՊ գրասենյակը՝ թեկուզ փոքրացված կազմով նույնպես: Ինչո՞ւ պիտի այդպես լինի: Չէ՞ որ կարեւոր է պետական ինստիտուտներին աջակցությունը: ԼՂՀ ներկայացուցչության շենքում տեղակայված են՝ նախագահը, ԱԺ-ն,  ՄԻՊ-ը , «Արցախ» հեռուստաընկերությունը: Եթե այս հաստատությունում 15 մշտական աշխատող լինի, վստահ եմ, թե՛ դրսում, թե՛ ներսում արցախցիների իրավունքների պաշտպանության առումով աշխատանքի արդյունքն ահռելի մեծ կլինի: Ոչ միայն պետական ինստիտուտներն են այդ խնդրի առջեւ: Եթե սփյուռքում կլինեն մարդիկ, որ կուզենան արցախյան ՀԿ-ներին հզորացնել, դրանով Արցախի ձայնը կհզորացնեն:

Ծագումով արցախցի պաշտոնյաներ կան, նրանցից է ԱԽ քարտուղարը:  Ուշադի՞ր է ԼՂ ներկայացուցչության, արցախցիների հանդեպ:

-Նա ուշադիր է անելու ամեն ինչ, որ փակվի Արցախի թեման: Բոլորն են ասում՝ նա  մինչեւ 2018 -ը եւ դրանից հետո, շատ տարբեր է: Իրեն անձամբ չեմ ճանաչում:

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը գալի՞ս են այստեղ:

-Ոչ, իրենց երբեւէ այստեղ չեմ տեսել, ոչ էլ շփվել եմ: ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից շատերը կան, որ գալիս են:

ՔՊ-ից եկե՞լ են:

-Ոչ: Անգամ «Հայաստան» դաշինքից, «Պատիվ ունեմ»-ից ոչ բոլորն են գալիս:

Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը: ճարտարապետի հղացքը ձեզ դո՞ւր է եկել, սփոփո՞ւմ է:

-2 տարի լսում էինք, թե լացելու տեղ չունենք: Դա մի վայր է, որտեղ կարող են գնալ Արցախում գերեզմաններ թողած մարդիկ, նրանց համար որոշակի սփոփանք, մխիթարություն է, որ գոնե ծաղիկ դնելու, լալ- հանգստանալու տեղ կա: Բացման ժամանակ ծնողներից մեկն ասաց, որ հիմա գոնե տեղ ունենք լացելու: Եթե տեսել եք այդ հուշարձանը, Արցախի հետ կապված բոլոր սիմվոլներն իր մեջ ներառում է:

Ինձ տեղեկություն է հասել, որ գրությունն այլ էր, փոխվել է: Սկզբում որոշում կար «Արցախի կանչի» տակ գրել՝ « ձեր հոգիները մեզ տուն են կանչում»: Հետո փոխվել է գրությունը՝« ձեր հոգիները մեզ հետ են, մեր կողքին»: «Հոգիները տուն են կանչում»-ը միգուցե փոխվել է, որովհետեւ թույլ չեն տվել խոսել Վերադարձի մասին:

Գաղափարի իրականացումն անշուշտ ֆինանսներ է պահանջում եւ պատիվ է, որ այն ստանձնել է Արթուր Վանեցյանի ընտանիքը: Բայց նրա անունը հուշարձանի հեղինակների՝ ճարտարապետի, կառուցողի անուններից առաջ է փորագրված, կարծես շեշտադրելով միջոցը, դրամը: Երեւի պիտի հուշեին մեր նախնյաց ավանդույթը՝ վերջում գրել:

-Եթե ես ֆինանսավորեի, իմ անունն ընդհանրապես չէի գրի: Բայց փաստն այն է, որ երկու տարվա ընթացքում նախաձեռնողականություն միայն ինքը դրսեւորեց:

Հարցազրույցը վարեց՝ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Leave a Comment