«Փաշինյանի ղեկավարած պետությունը ջանք չի գործադրել Մարտի 1-ի մահվան դեպքերը բացահայտելու համար»․ Բագրատ Միկոյան

«Փաշինյանի ղեկավարած պետությունը ջանք չի գործադրել Մարտի 1-ի մահվան դեպքերը բացահայտելու համար»․ Բագրատ Միկոյան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «մարտի 1-ի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, հոկտեմբերի 7-ի ասուլիսում ասել էր՝ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Կայքերից մեկը հրապարակել է փաստերի ստուգում այն մասին, իբրև երկրորդ նախագահի հայտարարությունը մոլորեցնող է։ «Երևան Թուդեյ»-ը դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ «փաստերի ստուգումը» մեկնաբանելու խնդրանքով։ Բագրատ Միկոյանն ասել է․ «Ծանոթացա հերթական «փաստերի ստուգմանը»։ Իսկ որևէ մեկը երբևէ ասե՞լ է, որ մարտի 1-ին զոհված մարդկանց կյանքի իրավունքը չի խախտվել կամ՝ դժբախտություն տեղի չի ունեցել։ ՄԻԵԴ-ը իր վճռում առավելապես արձանագրել է այնպիսի տվյալներ, որոնք ակնհայտ էին և դա տեսնելու համար մի ամբողջ փաստերի ստուգման կարիքը չկար։Իսկ նախագահը նշել է, որ ՄԻԵԴ վճռի հիմնական մեխը պետության կողմից այդ մահվան դեպքերի բացահայտման բավարար ջանքերի բացակայությունն է։ Եվրոպական դատարանը նույնիսկ առաջ է քաշել այն վարկածը, որ ցուցարարներից մեկի մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել հենց ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով, միաժամանակ՝ դա էլ դիտարկելով արդյունավետ քննության դեֆիցիտով: Այս ամենն ապացուցում է, որ եթե բացահայտվում են մահվան հանգամանքները, ակնառու է դառնում, թե կոնկրետ ում կողմից է խախտվել կյանքի իրավունքը և՝ ինչ հանգամանքներում․ ամեն ինչ շատ պարզ է։ՄԻԵԴ վճիռը ակնառու է դարձնում, որ 2018 թվականից սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա և ամբողջ հանրությանը հայտնի այնպիսի փաստեր, ինչպիսիք են ցուցարարների կողմից նռանկի և հրազենի կիրառումը, որոնք կարող էին վերաբերելի լինել այդ օրվա առաջին զոհի՝ ոստիկանության կապիտանի՝ նռանկի պայթյունից զոհվելու, և ոստիկանության ծառայողի՝ հրազենից զոհվելու հանգամանքներին։ Ի տարբերություն նախորդ վճիռների, ուղիղ հիշատակվել է, որ՝ցույցերը չեն կարող ամբողջությամբ դիտարկվել խաղաղ,ցուցարարներ են եղել, որ զբաղվել են բռնության գործողություններով՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցնելով պետական և մասնավոր սեփականությանը:Պարզ է, որ պետությունը պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, ինչի մասին պարզ նշեց նախագահն ասուլիսում։ Կարևոր է արձանագրել, որ հենց ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ուղիղ նշում է, որ բավարար տվյալներ չեն տրամադրվել Դատարանին: Իսկ ՄԻԵԴ վճիռը, առանց այդ փաստերի, դառնում է խիստ կասկածելի և խոցելի և վաղ թե ուշ ունենալու է վերանայման կարիք։Եվ այո, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդհանրապես ջանք չի գործադրել մարտի մեկի մահվան դեպքերը բացահայտելու համար։ Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի»։

Leave a Comment