Հայաստանը ԵՄ-ի հետ ունի լավ համագործակցություն ռեադմիսիայի ոլորտում․ ՆԳՆ փոխնախարար

Հայաստանի կառավարության՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը  վերջնարդյունքին հասցնելուն ուղղված բանակցությունները ենթադրում են ավելի դյուրացված այցելություններ եվրամիության անդամ երկրներ։ Վիզաների ազատականացումը վերաբերում է զբոսաշրջային այցելություններին։ Բայց տարբեր գնահատականներով կանխատեսումներ կան, որոնց համաձայն, գուցե եվրոպական երկրներ մեկնող քաղաքացիների մի մասը չվերադառնա։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը այլ՝ համադրելի երկրների փորձն է  մատնանշում՝ Մոլդովան, Վրաստանը անցել են նույն ճանապարհով։

Այդ երկրներում դեմոգրաֆիական կոլափս տեղի չի ունեցել՝ ասում է։ Կանխարգելիչ գործիքներ կան՝ ռեադմիսիոն ոլորտի՝ քաղաքացիների հետ ընդունման ոլորտի համագործակցությունն է։ Բացի այդ, Եվրոպական միությունը շարունակաբար խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը և կառուցակարգերը։ «Այսինքն, երբ անձինք Եվրոպական միությունում հայտնվում են անօրինական կամ օրինական ճանապարհով, հետագայում թույլատրելի ժամկետները խախտելով դառնում են անօրինական, այդ դեպքում Եվրոպական միությունը անձանց նույնականացնում է՝ հետ է ուղարկելով  տվյալ պետություն։ Հայաստանը Եվրամիության հետ ունի շատ լավ համագործակցություն ռեադմիսիայի ոլորտում։ Ստացված ռեադմիսիոն հայցերի 80-ից 90 %-ը հայկական կողմից արժանանում են դրական պատասխանի։ Հայաստանը ընդունում է քաղաքացիներին՝ ամփոփում է Ղազարյանը։

Leave a Comment