Մախաչկալայի «Անժիի» նախկին հարձակվող և «Լեգիոն Մախաչկալայի» ներկայիս նախագահ Շամիլ Լախիյալովը մեկնաբանել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» սենեգալցի պաշտպան Ուսման Նդոնգի միջև ծագած սկանդալային միջադեպը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ խաղում (2:0)։
Խաղի 85-րդ րոպեին Գրոզնիի կիսապաշտպան Ուսման Նդոնգը հեռացվեց խաղադաշտից՝ Սպերցյանի դեմքին հարվածելու համար։ Սենեգալցու խոսքով՝ «Կրասնոդարի» ավագը, իբր, իրեն ռասիստական վիրավորանք է հասցրել։ Սպերցյանը ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որում հերքել է Նդոնգի խոսքերը և նշել է, որ մեծացել է Կովկասում ու երբեք իրեն նման բան թույլ չէր տա։
Լախիյալովը նշեց, որ դեռ չի գնահատի՝ արդյոք Սպերցյանն է նման բան ասել, քանի որ դա դժվար կլինի ապացուցել։ Նա կենտրոնացավ խաղադաշտում ֆուտբոլիստների գործողությունների վրա՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Սպերցյանը սադրել է մրցակցին։ Նա նաև հավելեց, որ եթե ռասիստական վիրավորանքի օգտագործումը հաստատվի, դա կարող է լուրջ վնաս հասցնել Սպերցյանի եվրոպական կարիերային, և ներքին առաջնության շրջանակում պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ։
«Եթե Սպերցյանը ինքն ասում է, որ մեծացել է Կովկասում, թող պատմի՝ Կովկասի, որ հատվածում են նրան սովորեցրել թեթև հպումից հետո գետնին պառկել և սիմուլյացիայի դիմել։ Իսկ ռասայական վիրավորանքի վերաբերյալ՝ եթե պարզվի, որ Սպերցյանը իսկապես նման բան է ասել, ապա, իմ կարծիքով, կարելի է խաչ քաշել նրա եվրոպական կարիերայի վրա, և նրան պետք է առավել խիստ պատժել՝ ներքին առաջնությունում»»,- Լախիյալովի խոսքերն է մեջբերում Euro-Football.ru-ն։
ՌՖՄ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեն հաջորդ շաբաթ պատրաստվում է քննարկել Սպերցյանի և Նդոնգի միջև տեղի ունեցած միջադեպը։