Վրաստանում հոկտեմբերի չորսին անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երկրի իշխանությունները բռնի իշխանության փորձի մեջ են մեղադրում ոչ միայն ընդդիմադիր ուժերին, մասնավորապես, Սաակաշվիլիի կուսակցությանը, այլև Եվրամիությանը։
Ի պատասխան՝ Բրյուսելը վերոնշյալ հայտարարությունները բնորոշել է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվություն՝ դատապարտելով ՏԻՄ ընտրությունները՝ համարելով, որ իշխանությունը սահմանափակել է արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների և թափանցիկության շուրջ լուրջ տարակարծությունների հետևանքով երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է։ Ընդդիմադիր առաջնորդները ձերբակալված են պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Հանրության շրջանում լարվածությունն աճում է․ քաղաքացիները պատրաստվում են հերթական ցույցին։ Թբիլիսիի կենտրոնական հատվածներում, մասնավորապես, նախագահական նստավայրի մոտ կենտրոնացված են ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ։
Ինչպե՞ս են բնորոշում իրավիճակը քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք Թբիլիսիում ու այլ խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացնում խորհրդարանական ընտրություններից հետո արդեն մեկ տարի՝ գրեթե ամեն օր։
«Պայքարը շարունակվելու է, մինչև ժողովրդավարությունը հաղթի»։
«Մենք մեր խաղաղ ցույցերն ենք անցկացնելու՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, նշանակել խորհրդարանական նոր ընտրություններ»։
Վիրահայ գործիչ Գիորգի Թումասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, ներկայացնելով վրաստանյան ներքաղաքական իրավիճակը հոկտեմբերի 4-չորսից հետո, ասում է․
«Այսօր արդեն ունենք քաղաքական խորը ճգնաժամ, որը գալիս է հոկտեմբերի 4-ի ընտրություններին հետևած իրադարձություններից․ ընտրությունները փաստացի կորցրել են իրենց իմաստը։ Ցույցերը շարունակվում են նոր ընտրություններ նշանակելու պահանջով։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 4-ի ցույցի որոշ մոտեցումներին, ցույցի մասնակիցներն ընդդիմադիր ուժերի մեծ մասը չեն կիսում, ուստի դրա հետ է կապված ճգնաժամը, որ տիրում է քաղաքական դաշտում, որ տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչպես պետք է զարգանա իրավիճակը»։
Այս ամենին զուգահեռ՝ ավելի է խորանում ճգնաժամը Բրյուսել-Թբիլիսի հարաբերություններում․ փոխադարձ մեղադրանքներ ամենաբարձր մակարդակով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի կենտրոնում ՏԻՄ ընտրությունների օրը տեղի ունեցած անկարգությունների համար ուղիղ մեղադրանք է ուղղել ԵՄ դեսպանին։
«ԵՄ դեսպանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար. ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։ Նրանք պետք է դուրս գան, խստորեն դատապարտեն Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցողը․ մենք լսել ենք սահմանադրական կարգը տապալելու փորձը սատարող հայտարարություններ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը»։
Բրյուսելից արձագանքը չի ուշացել։ ԵՄ-ն իր հերթին դատապարտել է Թբիլիսիից հնչող մեղադրանքները։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է՝ Եվրոպական միությունը վճռականորեն մերժում է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը, խստորեն դատապարտում է ԵՄ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները։
Եվրամիության բազմաթիվ երկրներ են արձագանքում կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնում վրաց ժողովրդին։
«Տխուր օր Վրաստանի ժողովրդավարության համար. բռնաճնշող օրենքները և ընդդիմության առաջնորդների ձերբակալություններն էլ ավելի են խաթարում վստահությունը երկրի ընտրությունների նկատմամբ»,- այս կերպ է արձագանքում վրաստանյան իրադարձություններին Նորվեգիայի ԱԳՆ-ն։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ իրենց կարծիքն արտահայտելու ընթացող ընտրությունների և հատկապես երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության դեմ։ Քաղհասարակության հաշվարկով՝ այդ օրը փողոց է դուրս եկել 100 հազար մարդ։
Իրավիճակը լարվել է նախագահական նստավայրի մոտ, որտեղ մի խումբ ցուցարարներ, կոտրելով նախագահական պալատի ցանկապատը, ներխուժել են, ինչին հետևել են բախումները տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինների հետ։
Առնվազն 9 ընդդիմադիր ուժ կոչ էր արել բոյկոտել քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարել է բացարձակ հաղթանակի մասին։ Թեժ պայքարը քաղաքապետի պաշտոնի համար էր․ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն պահպանել է իր պաշտոնը՝ հավաքելով ձայների ավելի քան 71 տոկոսը՝ ըստ ԿԸՀ-ի։
Հայաբնակ Սամցխե Ջավախեթիում, ըստ Նինոծմիդայից խորհրդարանի իշխող ուժը ներկայացնող պատգմավոր Սմբատ Կյուրեղյանի, խաղաղ է, ցույցեր չկան, որովհետև ընդդիմությանը, ըստ նրա, տեղում չեն վստահում։
«Ջավախեթին բարձրն է տոկոսներով, իսկ ամենաբարձրը՝ Նինոծմինդայի շրջանը։ Սա նշանակում է, որ մենք ընդդիմադիր կուսակցություն չունենք, ժողովուրդը միաձայն քվեն տվել է իշխող կուսակցությանը»։
Հարցին, թե որքանով են հավատում, որ ժողովրդավար երկրում ընդդիմությունը փաստացի դուրս է մղված պայքարից, ինչից ելնելով և բոյկոտել է այս ընտրությունները, ինչպես նաև նաև նախորդ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ընդգծում է․
«Ես համարում եմ, որ աշխարհում չակերտավոր ժողովրդավարություն է հիմա, երբ այլ երկրի ուժեր միջամտում են մեկ այլ երկրի ներքին քաղաքականությանը։ Դա ժողովրդավարություն չէ, ժողովրդավարությունը Նինոծմինդայում է, մարդիկ հասկանում են՝ ինչ է պետությունը, ինչ է ազգային փոքրամասնությունը․․․»։
Հայաբնակ շրջանում և ոչ միայն, իշխող ուժը գրանցել է բացարձակ հաղթանակ։
Իշխող ուժի հիմնադիր ղեկավար մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ասել է՝ տպավորված է հաղթանակով․ նա համարում է, որ ընդդիմությունն աղետալի պարտություն է կրել և բացառել է ցանկացած հեղաշրջում երկրում»։