ԱՊԼ-ի երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը», դիտարկում են «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին վարձակալությամբ ձեռք բերելու տարբերակը՝ հետագայում գնման իրավունքով, հայտնում է TeamTalk-ը:
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտածում է 33-ամյա գերմանացուց բաժանվելու հնարավորության մասին, քանի որ թիմի նորեկ Ժոան Գարսիան հիանալի է դրսևորել իրեն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում: Վեց խաղում 24-ամյա իսպանացին բաց է թողել ընդամենը չորս գոլ և երեք անգամ պահել է դարպասը անառիկ:
Տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին և այդ ժամանակից ի վեր անցկացրել է 422 խաղ: Նա օգնել է ակումբին դառնալ Լա Լիգայի վեցակի չեմպիոն, վեց անգամ նվաճել Իսպանիայի գավաթը և հաղթել Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանում:
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Տեր Շտեգենի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո: