Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում գրանցված առաջընթացը և պատանդներին ազատ արձակելու որոշումը: Այս մասին Հնդկաստանի կառավարության ղեկավարը գրել է X-ում:
Նրա խոսքով՝ «Գազայում խաղաղության հասնելու ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել»։
«Հնդկաստանը կշարունակի վճռականորեն աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկարատև և արդար խաղաղության հաստատմանը», – վստահեցրել է նա՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը այս ուղղությամբ։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի «համապարփակ ծրագիրը» Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման սահմանում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Իսրայելը հայտարարեց ծրագրի հարցում իր համաձայնության մասին։