Սիսիանի լեռնանցքում՝ ծովի մակերևույթից ավելի քան 2300 մետր բարձրության վրա կառուցված «Զանգեր» հուշարձանն արդեն մի քանի տասնամյակ Սյունիքի մուտքի խորհրդանիշն է։ Կառույցը ոչ միայն ճարտարապետական արժեք է, այլև խորհրդանշական սահմանագիծ։ Այս օրերին հուշարձանը վերանորոգման ու նոր շունչ ստանալու փուլում է։
«Սյունիքի դարպասներ» կամ «Սյունիքի զանգեր» կոչվող աշտարակաձև հուշարձանը կառուցվել է 1987 թվականին։ Տասնամյակների ընթացքում եղանակային խիստ պայմանները, ձյունն ու անձրևը վնասել են հուշարձանը ։ Սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ և պետական միջոցներով սկսվել են վերականգնման աշխատանքներ։
«Սյունեցիների համար այն առանձնահատուկ նշանակություն ունի։ Eրբ հասնում էինք զանգերին, ասում էինք տուն ենք հասել»։ Եվ անընդհատ անցնելով զանգերի մոտից տեսնում էի, որ նրանք ժանգոտել են, տարածքը բարեկարգման և վերականգման խնդիր ունի զգացի որ այն պետք է վերականգնվի»։
Վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի խոսքով՝ քանդվել են ջարդված սալաքարերը, տեղադրվել են նոր եզրաքարեր, վնասված քարերը նորերով են փոխարինել։

«Քանդակները չեն վնասվել։ Պետք է փոխվեն կոտրված հատվածները, իսկ սալաքարերը հատուկ հիդրոֆոբ նյութով ամրացվեն»։
Առաջիկա օրերին հուշարձանի զանգերն ու արծիվը կիջեցվեն՝ մաքրվելու տարիների ժանգից և վերադառնալու նոր փայլով։ Հուշարձանի քայքայման մյուս պատճառը սառնորակ աղբյուրի ջրագիծն է։
«Ջրագիծը պետք է փոխվի, շարվածք պետք է արվի այն շրջակայքում, որպեսզի պաշտպանի հիմքերը։ Միջոցառումներ ձեռնարկվելու են, որ ջուրը նորից չթափանցի հուշարձանների քարերի արանքը»։

Բացի հուշարձանից՝ նախատեսվում է բարեկարգել նաև հարակից տարածքը։ Քննարկվում է տեսադաշտը փակող որոշ շինությունների ապամոնտաժման հարցը։
«Հարակից տարածքում կան շինություններ, որոնք խանգարում են հուշարձանի տեսաընկալմանը։ Հավելյալ քննարկում կկազմակերպենք դրա մասով և կարծում եմ որոշ բաներ կապամոնտաժենք, որպեսզի ավելի տեսանելի լինի հուշարձանը, իսկ վերջում անպայման կլուսավորենք այն»։
Վերականգնման արժեքը մոտ 13 մլն դրամ է։ Աշխատանքները ֆինանսավորել է ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայությունը։ Մինչև տարվա վերջ «Սյունիքի դարպասները» կդիմավորեն այցելուներին նոր տեսքով՝ կանգուն, անառիկ ու լուսավորված։