Կստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում «Թրամփի ուղու» համար. Սարգիս Խանդանյան

«Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևն ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայաստանի տարածքով անցնող «Թրամփի ուղու» (TRIPP) ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր և կարծում եմ սրանով հարցը փակված կարելի է համարել»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի արձագանքում Ալիևին, որը վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ հայտարարում է «զանգեզուրյան միջանցք»։

Խանդանյանն ասաց, թե նախորդ օրը Կոպենհագենում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո ՀՀ-ն և Ադրբեջանը նույն հաղորդագրությունն են տարածել նույն ձևակերպմամբ։

ՔՊ-ականի խոսքով, Նիկոլ Փաշինյանի արձագանքը հենց դա էր։

«Պատասխանն այն է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, իսկ մեր տարածքից դուրս ճանապարհներն ինչպես ուզում են, թող այդպես ներկայացնեն»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։

Մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունը, թե պետականորեն չվերթներ են կազմակերպվելու դեպի Երևան՝ Խանդանյանն ասաց. «Միշտ քննարկվել է «Թուրքական ավիաուղիների» մուտքը Հայաստան, բայց միշտ քաղաքական պատճառներով այն չի մտել Հայաստան։ Վերջին հանդիպումից հետո հաղորդագրության մեջ ասվում էր, որ օդային հաղորդակցության ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքները»։

Խանդանյանի խոսքով, ԱՄՆ-ի հետ քննարկումներ են ընթանում TRIPP-ի հարցով, պատվիրակություններ պետք է գան Հայաստան, որպեսզի քննարկվեն տեխնիկական մանրամասները։ «Տրամաբանությունն այն է, որ կստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում և կմշակվեն այդ նախագծի մոդելները և տեխնիկական նկարագրերը և արդեն երրորդ օպերատորները կկարողանան մասնակցել և սկսել իրականացնել դրա շինարարությունը, շահագործումը և կառավարումը»,-ասաց Սարգիս Խանդանյանը։

Leave a Comment