Երեւանը կարեւորում է Գերմանիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Փաշինյանի ուղերձը՝ Մերցին

Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված շնորհավորական ուղերձում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր Գերմանիան տոնում է Միասնությանը օրը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս հիշարժան օրը կարևոր առիթ է կրկին արժևորելու Գերմանիայի հաջողություններն ու ձեռքբերումները, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին անսասան հավատարմությունը»,- ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Փաշինյանը ջերմությամբ է հիշում այս գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում իր պաշտոնակցի՝ Մերսի հետ ունեցած հանդիպումը եւ հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակվեն ընդլայնվել բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների։

«Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Leave a Comment