Դիվանագիտական մարտեր Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ — Հայաստանի Հանրային Ռադիո

Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անա Աբուլաձեին հրավիրել են Գերմանիայի ԱԳՆ եւ բողոք հայտնել Թբիլիսիում  Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի հասցեին հնչած քննադատությունների և կոշտ հայտարարությունների համար։

Դեսպան Ֆիշերն այդ մեղադրանքները «սադրիչ» է որակում։

Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, որ հստակ ազդակ է հղել Վրաստանի իշխանություններին, որ «Գերմանիայի դեսպանի հասցեին անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը անընդունելի են և պետք է դադարեցվեն»։

Սեպտեմբերի 24-ին Պետեր Ֆիշերին հրավիրել էին Վրաստանի ԱԳՆ, որտեղ նրան հիշեցրել էին դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները պահպանելու պարտականության մասին։ Պաշտոնական Թբիլիսին մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ դեսպանները չպետք է միջամտեն հյուրընկալող  երկրի ներքին գործերին և պետք է հարգեն օրենքներն ու կանոնները։

Ավելի ուշ Ֆիշերը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր և մի շարք այլ դիվանագետների դեմ հնչած մեղադրանքները սադրիչ են։

DW-ն գրում է, որ սա Գերմանիայի և Վրաստանի հարաբերությունների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Թբիլիսիում Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ։ Ֆիշերի լիազորությունները Վրաստանում ավարտվում են 2026 թվականի հունիսին։

Leave a Comment