
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գուբերնիստական հոսանքի ներկայացուցիչ է, որի նպատակն է ազդել հանրային տրամադրությունների և իշխանության ձևավորման վրա, ընդ որում՝ նաև բռնի:
Նրա համոզմամբ՝ այս հոսանքի մի ճյուղն է եղել «Սրբազան պայքար» շարժումը. «Այս ամենի նպատակը Հայաստանին ռուսական օրբիտա վերադարձնելն է»:
Նա հիշեցնում է, որ նման հայտարարություն առաջին անգամ արել է ԼՂ նախկին պետնախարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը՝ ասելով, որ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի քննարկելու նաև այսպիսի սցենար, եթե նման բանի առաջ կանգնեցվի՝ հիշատակելով Թաթարստանի մոդելը. «Եվ այս հայտարարությունը բոլորիս շոկի ենթարկեց: Հետո նման հայտարարություն արեց Ռոբերտ Քոչարյանը միութենական պետությանը միանալու մասով»:
Ըստ Սաֆարյանի՝ Վարդան Ղուկասյանը որպես ֆիգուր չի կարող առաջնորդել հեղափոխություն: «Տա Աստված, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու մտադրություններ ունեցողները մնան նրա հույսին»:
Քաղաքագետը շեշտում է՝ ժողովրդավարությունը ամենաթողությունը չէ, և այդ մարդիկ ժողովրդավարությունն օգտագործում են ժողովրդավարությունը տապալելու համար:
Անդրադառնալով խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա և հանդիպումներ է ունենում՝ վերջինս նկատում է. «Քոչարյանը մահու չափ անհանգստացած է Սամվել Կարապետյանի պրոյեկտից, նրա մեջ մրցակից է տեսնում: Նրան պետք էր այս այցը, որ համոզվի՝ դուրս բերված խաղաքար չէ: Փորձում է ՌԴ-ին համոզել, որ չմոռանան իր մասին: Նա հասկանում է, որ խաղադրույքն արվել է Սամվել Կարապետյանի վրա: Քոչարյանը մեկ անգամ խաբել է ՌԴ-ին, թե 2021 թվականին հաղթելու է ընտրություններում»:
Սաֆարյանի խոսքով՝ եթե կրկին ստեն ՌԴ-ին և ասեն՝ ՀՀ-ում բոլորը Սամվել Կարապետյանի համար խելքահան են լինում, էլի շոկի մեջ է հայտնվելու:
Սաֆարյանը նաև կարծում է, որ ՀՅԴ-ն եթե ընդունում է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությունը, ապա չի ընդունի Լևոն Քոչարյանի առաջնորդությունը. «Դա նույնն է, որ սեփական տապանաքար դնեն»:
ՄԻԵԴ-ը որոշում է հրապարակել, ըստ որի՝ 2008 թվականին խախտվել են մարդկանց իրավունքները, որի հետևանքով նրանք սպանվել են կրակոցներից, պետությունը չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է պետությանը, մեզ հետ ի՞նչ կապ ունի»:
Զրուցակիցը նկատում է. «ՄԻԵԴ-ի որոշումը ուշացած, բայց կարևոր որոշում է: Սեյրան Օհանյանի պատասխանը ո՛չ զարմացնում է, ո՛չ վշտացնում: Նա այս ամենից իրեն փորձում է հեռու պահել այնպես, ինչպես հեռու է պահում իրեն վերագրվող անշարժ գույքից, ասում է՝ իմը չէ, ես կապ չեմ ունեցել: Հրոսակախմբեր ձևավորելիս պլացում շարել են ու հարցրել՝ ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վրա: «Մարտի 1»-ի գործով տրված են անուններ: Արցախից մարդիկ են հավաքել, որ ձեռք բարձրացնեն ՀՀ քաղաքացու վրա: Արցախցիների և Հայաստանի բնակչության տարաձայնությունների հարցում մեծ դեր է ունեցել Մարտի 1-ը, երբ արցախցուն հանել են Հայաստանի բնակչի դեմ: Սեյրան Օհանյանի ասածը կռուտիտ է»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ