ՔՊ-ն մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը – Live News

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենքների նախագծերը, բացի ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հայտարարեց, որ իրենք դեմ են քվարկելու ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծին։

Նախագիծը չընդունվեց 26 կողմ, 58 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով.

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի  136-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 136. Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը

  1. Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը,  հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգ տարի ժամկետով»:

Առաջարկվող նախագծի ընդունումը հատկապես հրատապ է ներկայումս Հայոց ցեղասպանությունը ուրանալու բազմաթիվ փորձերի լույսի ներքո: Այն համահունչ կլինի եվրոպական օրենսդրությանը և օրենսդրորեն կամրապնդի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը»:

Leave a Comment