Ռեալի աստղը հայտարարություն է տարածել Ալոնսոյի հետ կոնֆլիկտի մասին լուրերից հետո

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտարարություն է արել այն լուրերի ֆոնին, ըստ որոնց նա հրաժարվել է խաղալ աջ պաշտպանի դիրքում Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Կայրաթի» դեմ խաղում (0:5), ինչի հետևանքով կոնֆլիկտ է ունեցել գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։

«Ես կարդացել եմ մի քանի հոդվածներ, որոնք վնասում են իմ հեղինակությանը։ Գիտեմ, որ ունեցել եմ մի քանի վատ խաղեր, ընդունում եմ դա։ Ես չեմ թաքցնում և ուղղակիորեն բախվում եմ քննադատությանը։ Ես իսկապես տխուր եմ։ Մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են իմ մասին, բայց երբեք չպետք է ասեն, որ ես հրաժարվում եմ խաղալուց։ Ես այս ակումբին տվել եմ ամեն ինչ և նույնիսկ ավելին․ ես խաղացել եմ կոտրվածքների, վնասվածքների պայմաններում և երբեք չեմ բողոքել կամ խնդրել լրացուցիչ հանգիստ։

Ես լավ հարաբերություններ ունեմ մարզչի հետ, ինչը թույլ է տալիս ինձ ասել նրան, թե որ դիրքն եմ նախընտրում խաղադաշտում։ Բայց ես միշտ հստակեցրել եմ, որ պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։

Ես այս ակումբին տվել եմ իմ սիրտն ու հոգին և կշարունակեմ դա անել, նույնիսկ եթե երբեմն դա բավարար չէ կամ չեմ խաղում այնտեղ, որտեղ կցանկանայի։ Երդվում եմ իմ հպարտությամբ, որ երբեք չեմ հանձնվի և կպայքարեմ մինչև վերջ՝ խաղալով այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։

Leave a Comment