2026-ին Առողջապահության ապահովագրությունից կօգտվեն անչափահասները, 65 տարեկանից բարձր և 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները

2026-ից կառավարությունը կմեկնարկի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը։ Համապատասխան օրենքի նախագիծը՝ 46 հոդվածով, Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի հրապարակման e-draft համակարգում։ Առաջիկայում կներկայացվի կառավարության, ապա ԱԺ քննարկմանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ մեկնարկի ժամկետը կհստակեցվի նախագծի քննարկման ընթացքում, բայց չի ուշանա, քանի որ կառավարությունը 2026–ի բյուջե արդեն ներառել է համապարփակ ապահովագրության ֆինանսական հատվածը։ Նախարարի խոսքով՝ այն կներդրվի փուլային տարբերակով և ամբողջական տեսք կունենա 2028-ին․

«Մինչև 18-տարեկան երեխաները և 65 տարեկանը լրացած քաղաքացիները 2026-ից կներառվեն ապահովագրության համակարգում։ Ես այս մասն ուզում եմ շեշտադրել, մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, որոնք  տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները։ Հաջորդիվ՝ 18–ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, նաև հաշվի առնելով, որ ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ է ձևավորվում, և այս խմբերը ևս կներառվեն։ Նաև՝ անապահովության բալ ունեցող այն քաղաքացիները, որոնք ունեն 28 և ավել միավոր»։

Առողջության համապարփակ ապահովագրությունից օգտվելու երկու պարտադիր նախապայման կա՝ Հայաստանի քաղաքացիություն ունենալը և ռեզիդենտ լինելը՝ մանրամասնում է Ավանեսյանը։ Ընդգծում է՝ այն անձինք, որոնք կունենան 200 հազար դրամը գերազանցող աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարներ և այլ եկամուտներ, ևս 2026-ից կներառվեն համակարգ։

«Այս անձանց թիվը մոտ 190 հազար է, և սա բավական մեծ խումբ է, որ մենք ներառում ենք հենց առաջին փուլով։ Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի խումբը քաղաքացիների մեկ միլիոն 600 հազար է»։

Ապահովագրության առաջին փուլում մեկ փաթեթը կարժենա 129 հազար 600 դրամ, կներառի կանխարգելիչ և հիվանդությունների վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։  

«Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու, և ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Ինչպե՞ս ենք ընտրել հիվանդությունները։ Ընտրել ենք ամենամեծ հիվանդացության և մահացության բեռ ունեցող հիվանդությունները, և այդ բեռը առաջնակի ներառել ենք փաթեթում»։

Կառավարությունն առաջարկելու է մեկ բազային փաթեթ, սակայն մինչև 2028–ը զուգահեռաբար շարունակելու են գործել մասնավոր ապահովագրական ծրագրերը։

«Այսինքն՝ մենք երեք տարվա ընթացքում այս պետպատվերի համակարգից պիտի անցում կատարենք ամբողջական ապահովագրության համակարգ, ընթացքում խմբերը ավելանալով՝ պետպատվերը կփոքրանա։ Վերջում կգա արդեն զրոյական կետի, և մենք 2028 թ կունենանք ընդամենը երկու մոդել՝ ապահովագրական փաթեթ և  այն դեպքերում, երբ օրինակ, անձը ռեզիդենտ չի լինի, կամ բացառիկ դեպքեր, երբ չի ունենա ապահովագրական փաթեթ, կօգտվի նվազագույն ծառայություններից։ Մեր մոդելը սա է»։  

Համապարփակ ապահովագրության ներդրման փուլային տարբերակը կարևոր է նաև այն առումով, որ առողջապահության բոլոր՝ թե՛ ենթակառուցվածքների, թե՛ մասնագիտական ու մարդկային ռեսուրսները տարեցտարի կզարգանան և ավելի պատրաստ կլինեն համակարգին՝ ասում է Ավանեսյանը։

«Ես միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները․բժշկական որևէ կենտրոն չի փակվելու, բոլորը շարունակելու են գործել իրենց տեղերում, շենքերում և տեղակայման վայրերում։ Հակառակը՝ պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա, և այս քաղաքականությունը շարունակվելու է»։

Նախարարը վստահեցնում է՝ բժշկական որակյալ օգնությունն աստիճանաբար ավելի հասանելի կդառնա մարզաբնակ քաղաքացիների համար։ Այս պահին առողջապահական 13 հաստատությունների շինարարություն ընթացքի մեջ է, 2026-ի առաջին կեսին կբացվի Սիսիանի բժշկական կենտրոնը, սքրինինգային ծրագրերի շրջանակում մարզերում կընդլայնվեն նաև մամոգրաֆիկ ծառայությունները։

Նախարարի այս հայտարարություններին գրեթե զուգահեռ՝ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ  մարզերում բուժօգնության հասանելության հարցը լուծված չէ։ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզի օրինակով ասում է, որ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգներ է ստանում այն մասին, որ շտապօգնության մեքենաները ժամերով ուշանում կամ նույնիսկ տեղ չեն հասնում, որոշ դեպքերում էլ թերի են բժիշկների մասնագիտական որակները։

«Խնդիրը լուծված չէ։ Եթե մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները տարբեր մարզերում ու գյուղերում ամուր կառչած լինեն իրենց հողին և ստիպված չլինեն թողնել իրենց բնօրրան ու գալ Երևան, պիտի պայմանները տեղում ստեղծենք։ Առաջնային էդ խնդիրը պիտի լուծվի, պետությունը պիտի անընդհատ զբաղվի դրանով, որ մարդիկ ի վիճակի լինեն նաև որակյալ բժիշկների ծառայությունից օգտվել։ Մարզային հիվանդանոցները չպիտի միայն օղակ լինեն Երևանի հիվանդանոցներ հասնելու համար»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը առողջական ապահովագրության հարցն այլ համատեքստում է դիտարկում։ Ասում է՝ երբ նախագիծը հասնի խորհրդարան, պետք է քննարկել ոչ թե առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, այլ ստեղծել նոր՝ հատուկ այդ հարցը քննարկելու համար հանձնաժողով․

«Կան երկրներ, որոնք 10-15 տարի առաջ էդ համակարգը ներդրել են ու մինչև հիմա փոփոխում են։ Տիկին Կյուրեղյանը կհիշի, որ մենք ճանաչողական այցով Ֆրանսիայում ուսումնասիրում էինք իրենց համակարգը․ մինչև հիմա փոփոխում են, որովհետև խնդիրներ են ի հայտ են գալիս ընթացքում»։  

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ աշխարհի ոչ մի երկրում համապարփակ ապահովագրությունը չի լուծում բոլոր խնդիրները, միևնույն ժամանակ հավաստիացնում, որ կառավարությունը փուլ առ փուլ կգտնի ճիշտ լուծումները։ Ավանեսյանի խոսքով՝ 2028-ի վերջին Հայաստանի բնակչության 80-85 %–ը կունենա առողջապահական պարտադիր ապահովագրություն։

Leave a Comment