Ի՞նչ է անհրաժեշտ մեր երկրում ներդրումներ անելու համար։ Աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած գործարարներն ու դիվանագետները որոշ առաջարկներ են արել Հայաստանում ներդրումները խթանելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն էլ շեշտել է «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորությունը ներդրումներ ներգրավելու գործում։ Նա վստահեցրել է, որ այդ նախագիծը մեծ փոփոխություններ ու գործարար միջավայր ապահովող գործոն կարող է լինել։
«Երկրները մեկ հարկի տակ» համաժողովը Երևանում մեկ հարկի տակ համախմբել էր տարբեր երկրների գործարարների։ Կիպրոսից, Իտալիայից, Չինաստանից, Իրանից եկած հյուրերը «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում քննարկում էին Հայաստանի ներդրումային միջավայրը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ Հայաստանը բացառիկ հնարավորություններ է առաջարկում ներդրողներին։ Երկիրը պատրաստ է ներդրումների, հատկապես այժմ, երբ մեկնարկում է «Թրամփի ուղի»-ն։
Իսկ դա, ըստ նախարարի, հիմնաքարային փոփոխություններ կբերի տարածաշրջան․
«Քանի դեռ աշխատում ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ուղղությամբ, «Թրամփի ուղի»-ն է մեկնարկում, և մենք ակնկալում ենք հիմնաքարային փոփոխություններ, նորացված բիզնես միջավայր՝ տարածաշրջանային տնտեսության ընդլայնմամբ»։
Ըստ Գևորգ Պապոյանի՝ կառավարության քաղաքականությունը միտված է մասնավոր հատվածի, ՓՄՁ-ների զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովելուն։ Իսկ դա ներդրումային թափանցիկ միջավայր է ձևավորում երկրում։ Դիմելով համաժողովի մասնակից գործարարներին՝ էկոնոմիկայի նախարարը կոչ արեց օժանդակելու Հայաստանին տնտեսական հնարավորությունները բացահայտելու գործում։
Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն առանձնակիորեն ոգևորված էր համաժողովի անվանմամբ։ «Երկրները մեկ հարկի տակ» ձևակերպումը, ըստ նրա, շատ տպավորիչ է։ Նա համոզված է, որ խաղաղության օրակարգը դռներ է բացում․
«Խաղաղությունը վստահություն է սահմանում, սահմաններ բացում և հիմք է դնում կայուն զարգացման համար, ներդրումներ է հրավիրում, նորարարություն և աճ»։
Կիպրացի գործարար Արտակ Վարդանյանը վստահեցրեց, որ պատրաստ է կառավարությունից առաջարկներ լսելու և աջակցելու ՀՀ-ին առաջընթացի ճանապարհին․

«Մեր նպատակն է ներդրումներ կատարել Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը Կիպրոս։ Հավատում եմ, որ Հայաստանն ու Կրպրոսը կարող են միասին ավելի մրցունակ, ուժեղ և զարգացող տնտեսություն կառուցել»։
Չիկագոյում ՀՀ հյուպատոսի ավագ խորհրդական Պարույր Սարգսյանը նկատեց, որ ներդրումների հարցում մեծ նշանակություն ունեն միջպետական հարաբերությունները։ Այդ առումով նա կարևորեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը։
«Շատ կարևոր կլինի, որ ԱՄՆ-ի և ՀՀ միջև վերջապես լուծվի կրկնակի հարկման հարցը։ Երկար տարիներ այդ հարցը քննարկվել է, բայց դեռ լուծում չի ստացել։ Օրինակ՝ Հայաստանը Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։
Եվ եթե մենք ուզում ենք, որ ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանում, ապա պետք է բացառել կրկնակի հարկումը»։
Պարույր Սարգսյանը ևս մի դիտարկում ուներ․ Լիտվան, ի տարբերություն Հայաստանի, ավելի փոքր սփյուռք ունի Միացյալ Նահանգներում, սակայն ամերիկյան 18 նահանգում Լիտվան հյուպատոսություններ ունի։ Մինչդեռ Հայաստանն իր մեծաթիվ սփյուռքով ընդամենը 3-4 նահանգում ունի ներկայացուցիչ։ Ըստ Պարույր Սարգսյանի՝ դիվանագիտական այդ կառույցները տնտեսական ականջներ են, որոնք շատ կարևոր են համագործակցությունը զարգացնելու համար։
Դիվանագետը փաստում է, որ անցած տարի ՀՀ-ից 11 մլն դոլորի խմիչք է արտահանվել Միացյալ Նահանգներ, ինչը շատ քիչ է։ Բացի այդ՝ նա հուշում է, որ պետք չէ միայն միրգ, բանջարեղեն ու մուրաբաներ արտահանել Միացյալ Նահանգներ․ պետք է ընդլայնել ապրանքների ծավալն ու տեսականին։
Հայաստանը պետք է բարելավի ներդրումային և գործարար միջավայրը։ Դրա համար կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել դրան՝ հաստատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը․
«Առաջին գործոնը ներդրումների ներգրավման համար, կարծում եմ, անվտանգության և ներդրումների ապահովության խնդիրն է։ Այս գործոնի ներքո մի քանի բաղադրիչ կարող ենք դիտարկել։ Նախ՝ դա ռիսկերի կանխատեսելիությունն է բոլոր գործընթացներում։ Ներդրողի համար շատ կարևոր է հասկանալ, թե առաջիկա մի քանի տարվա ընթացքում պետական քաղաքականությունը ինչ ուղղությամբ է շարժվելու, ինչ գործընթացներ են տեղի ունենալու, որպեսզի գնահատի բոլոր ռիսկերը»։
Եգանյանը կարևորեց ենթակառուցվածքների արդիականացումը, լոգիստիկան և պարզեցված բիզնես կառավարումը:
Կիպրացի գործարարներն էլ նշեցին Հայաստանում բանկային համակարգի դանդաղ աշխատանքը, որը գործարարների համար որոշակի խնդիրներ ու խոչընդոտներ է ստեղծում։