Հանրային լսումներ. Երնջատափում ու Շողակնում դեմ են ցեմենտի գործարան կառուցելուն

Արագածոտնի մարզի երկու բնակավայրերում ցեմենտի մինի գործարան բացելու հարցով հանրային լսումներն անցել են բուռն մթնոլորտում։ Լսումները նախաձեռնող «Նորթ Ինվեստ» ընկերությունը վստահեցնում է, որ տեղացների համար մեծ թվով աշխատատեղեր են բացելու՝ բարձր աշխատավարձով, չեն վնասելու շրջակա միջավայրը։ Չնայած դրան, Շողակն ու Երնջատափ գյուղերի բնակիչները դեմ են արտահայտվել ցեմենտի գործարանի բացմանը։

Դա  հիմնավորել են նրանով, որ իրենց տարածաշրջանը վերածվել է ակտիվ տուրիստական գոտու, և ցանկացած արտադրական գործունեություն բացասաբար կարող է անդրադառնալ դրա վրա։ Երնջատափի դպրոցականները պաստառներով են եկել լսումների։

200 բնակչի ստորագրությունները նրանք հանձնել են Ապարանի փոխքաղաքապետին։   

Շողակնում ցեմենտի մինի գործարան բացելու հեռանկարը անհանգստացրել է բնակիչներին։ Գյուղի վարչական ղեկավար Սմբատ Բաղդասարյանն ասում է՝ տասնյակ զանգեր է ստացել այգետերերից ու տնատերերից։

«Քու զավոդի չորս կողմը այգեգործական է, վերևը 36 հեկտար վարելահող՝ ցորեն, գարի։ Մենք, որ թողենք, դա գյուղացուն վնաս չի տա, ընդամենը 70 մետր հեռավորության վրա է։ 76 հատ զանգ եմ ստացել էդ այգեգործականներից՝ բա ո՞նց եք թույլ տալիս։ 1003 միավոր այգեգործականի հետ լեզու գտնելը էսօր հեշտ չի»։

Լսումներ հրավիրած «Նորթ Ինվեստ» ընկերությունից փորձում են փարատել մարդկանց մտավախությունները։ Ասում են՝ չինական փակ տեխնոլոգիական ցիկլով աշխատող ժամանակակից գործարան է լինելու՝ ժամում մինչև 7 տոննա արտադրողականությամբ։ Բարձր աշխատավարձով շատաշխատատեղեր են խոստանում տեղացիների համար, գյուղում էլ սոցիալական ծրագրեր են իրագործելու։ Վստահ են նաև, որ շրջակա միջավայրն էլ չեն վնասելու։

«Նորթ Ինվեստ» ընկերության ներկայացուցիչ Գեղամ Խաչատրյան․

«Ամենակարևոր սարքավորումները փոշեկլանիչ ֆիլտրերն են։ Նախատեսում ենք 6 հատ տեղադրել՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Ջուր չենք օգտագործելու, կեղտաջրեր չկան։ Նախատեսում ենք 30-60 աշխատատեղ»։

Շողակնի շուրջ 60 բնակիչների մեծ մասը դեմ է գործարանի կառուցմանը։ Առողջության հետ կապված ռիսկեր են տեսնում։

«Ջրի պրոբլեմ կլինի, օդի աղտոտվածության, ամեն ինչ էլ կլինի»։

«Ոնց որ ասես՝ մտել եմ գոմ, ոտս չի թրիքոտվել։ Համաձայն չեմ։ Առողջությանս հաշվին չեմ ուզում, ինչ որ մարդիկ հարստանան»։

«Մեղվաբուծությանը դեմ է, ես դեմ եմ»։

Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը ներդրումային ծրագրերից է խոսում։ Ասում է՝ տարածաշրջանում նախատեսվում է էկոգյուղ հիմնել՝ 300 մինի ֆերմաներով և հյուրատներով։ Այդպիսով մտադիր են տուրիզմը զարգացնել։  

 «Պետությունը ճանաչել է որպես գերակա շահ։ Մինուսներ ու պլյուսներ, բնակաբանար, լինելու են։ Չի կարող իդեալական լինել, բայց պետք է հավասարակշռենք, որ ՏԻՄ-ը իր որոշումը կայացնի»։

Կառավարությունը խոշոր ներդրումներ է արել այստեղ, տուրիստական կլաստեր է ստեղծել, ասում է Շողակնի բնակիչ Վահրամ Ասատրյանը։ Առաջարկում է տուրիզմի ոլորտում գումար ներդնել։ Եթե տուրիստը տեսնի, որ ճոպանուղու մոտ ցեմենտ են արտադրում, էլ կգա՞ իրենց մոտ հանգստանալու՝ հարցնում է․

«Ապարանի տարածաշրջանը պետք է ՀՀ տուրիստական կլաստերներից մեկը լինի։ Հիմա ո՞նց եք կարծում շվեյցարացի տուրիստը տեսնի՝ ստեղ ցեմենտի գործարան կա, ինքը գալու ա՞։ Նախագիծը փոխեք, հյուրանոց կառուցեք։ Ես որպես բնակիչ դեմ եմ»։

Արտադրությունն այնքան անվնաս է լինելու, որ գործարանի հարևանությամբ նաև հյուրատուն բացելու պլաններ ունենք՝ հակադարձում է «Նորթ Ինվեստ»-ի ներկայացուցիչը։

Ապարանում շնչառական խնդիրներ ունեցող երեխաների առողջարան կա։ Որքանո՞վ են  համատեղելի առողջարանն ու նման արտադրությունն այստեղ՝ Ապարանում, հարցնում է ավագանու ընդդիմադիր ՔՊ խմբակցության ղեկավար Սևակ Սաֆարյանը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա կիսվեց այլ մտահոգություններով ևս․

 «էդ ճանապարհը իր ժամանակից ավելի շուտ է քանդվելու՝ մեծ բեռնատարի ակների տակ։ Առարկայական ոչինչ չասեցին, ուղղակի ծրագիր ներկայացրին։ Իմ համար անհասկանալի է՝ ինչի՞ իրենք, որ արտադրում են ամիսը 1500 տոննա ցեմենտ, որի մեծ մասը ծախսվելու է Աբովյանի իրենց գործարանում, բերում ստեղ են արտադրում, հետ տանում ընդեղ»։

Երնջատափում լսումներն ավելի բուռն անցան։ Գյուղի վարչական ղեկավար Հրաչյա Սահրադյանը հենց սկզբից ասաց՝ կողմ է բնակիչների դիրքորոշմանը։

Ձեզ չենք հավատում՝ հնչեց դահլիճից,-այստեղ արտադրած բլոկը մեզ թանկ գնով էիք վաճառում, թեև հակառակը խոստացաք։

«Հիմա, որ ստեղ ցեմենտի գործարան լինի, անձամբ դուք ստեղ հողատարածք չեք գնի։ Ստեղ ջրի խնդիր կա, եթե տարածքը ուզենաք տաքացնեք, էս գյուղը ջուր չի ունենալու, հողի գները ինքնին իջնելու են ու վստահ չեմ, որ վերահսկելու եք, որ ժամանակ առ ժամանակ ֆիլտրերը փոխեք»։

«Մեր գյուղը գործարան չէ», «Մի խեղեք մեր երեխաների ապագան» ու այլ բովանդակությամբ պաստառներով լսումների էին եկել Երնջատափի բարձր դասարանցիները։ Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել ու շուրջ 200 ստորագրությամբ փաստաթուղթը Ապարանի համայնքային իշխանություններին փոխանցեցին։

Երնջատափի միջնակարգի ուսուցիչ Հերիքնազ Գրիգորյան․

 «Մեր գյուղից մինչև Ջերմուկ հետևել եմ՝ որտեղ կա ցեմենտի գործարան, այլ արտադրություն, այդտեղ ամեն ինչ չորացած է։ Ես ուրախ կլինեի, որ տանեք ձեր գյուղում դնեք, թող ձեր բարեկամներն ու հարազատները աշխատեն։ Մենք աշխատանքի խնդիր չունենք»։

«Նորթ Ինվեստ» ընկերության տնօրեն Գևորգ Գաբրիելյանն ասում է՝ Արագածավանի մինի գործարանի փորձն են ուզում բերել այստեղ։ Վստահեցնում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ շրջակա միջավայրին վնաս չի հասցվելու, ամենաշատը մեկ կամ կես պարկ ցեմենտի փոշի է լինելու։

Հիմնվելով 2 բնակավայրերում բնակիչների դիրքորորշումների վրա՝ 30 օրյա ժամկետում Ապարանի ավագանին համապատասխան որոշում կկայացնի։

Leave a Comment