Ռուս-ուկրաինական պատերազմը լարվածության նոր շրջափուլ է մտնում։ Ռուսական զինուժն անօդաչուներով և հրթիռներով հարվածում է Կիևին, ուկրաինական ուժերն էլ մեծ հեռահարության զինատեսակներ է օգտագործում՝ թիրախավորելով Մոսկվան։
Հոկտեմբերի 1-ին ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եվրոպական երկրների առաջնորդները նախատեսում են քննարկել անվտանգության ապահովման կոնկրետ նախաձեռնություններ։ Դրանցից մեկը ռուսական սպառնալիքի դեմ համատեղ օդային վահան ստեղծելու առաջարկն է, որը Գերմանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնությունն է։
Ուկրաինան զգալիորեն բարելավել է առաջնագծից հեռու գտնվող թիրախներ խոցելու իր կարողությունը՝ արձանագրել է գերմանացի գեներալ-մայոր Մայք Քելերը՝ ռուս-ուկրաինական պատերազմի այս փուլը վերլուծելով։ Նա ՆԱՏՕ-ում Ուկրաինայի աջակցության նախաձեռնության (NSATU) փոխհրամանատարն է։
«Ուկրաինացիները կարող են ճշգրիտ հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական թիրախներին: Սա կարողությունների հարց է՝ անձնակազմ, սարքավորումներ և վարժանք»,-ասել է գեներալը՝ DW-ին տված հարցազրույցում։
Ըստ Քելերի՝ ՆԱՏՕ-ն ընդլայնում է պաշտպանական համագործակցությունը Կիևի հետ, նախագծերը ենթադրում են նաև մեծ հեռահարության զինատեսակների ձեռքբերում:
Ուկրաինայի աջակցության նախաձեռնության շրջանակում սերտորեն համագործակցում են 30 երկրների փորձագետներ։ Նրանք վերլուծում են Ուկրաինայի զենքի, զինամթերքի, պահեստամասերի և սարքավորումների կարիքներն ու լուծումներ առաջարկում։
Քելերի կարծիքով՝ միասնաբար հնարավոր է Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել։
Այն ամենը, ինչ տրամադրվում է Ուկրաինային, վերջին հաշվով օգնում է նաև ՆԱՏՕ-ին՝ կարծում է գեներալը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը զուգահեռաբար փորձարկելու է ԵՄ երկրների ներուժը։ Ըստ Քելերի՝ սա ակնհայտ դարձավ Լեհաստանի և Էստոնիայի օդային սահմանները խախտելուց հետո։
«Տարիների ընթացքում մենք սովորել ենք, որ երբ խոսքը իրական փորձության մասին է, Պուտինը հասկանում է միայն ուժը»,-ասել է Մայք Քելերը։
Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել էր, թե հիասթափված է Պուտինից: ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն էլ մանրամասնել էր՝ վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը հրաժարվել է թե՛ ուկրաինացիների հետ երկկողմ հանդիպումներից, թե՛ ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ եռակողմ բանակցություններից։
Սակայն, նրա խոսքով, Մոսկվան պետք է արթնանա և ընդունի իրականությունը։
Քանի դեռ ռուսական կողմն ամերիկյան առաջարկներին պատշաճ կերպով չի արձագանքում, Վաշինգտոնը մեծացնում է Կիևի աջակցությունը։
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Fox News-ի եթերում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինային թույլ է տվել հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի խոսքով՝ դրա վկայությունն են վարչակազմի առաջնորդների վերջին հայտարարությունները:
«Դատելով նախագահի, փոխնախագահ Վենսի, ինչպես նաև պետքարտուղար Ռուբիոյի ասածներից, կարծում եմ, պատասխանն է՝ այո՛․ նրանք ասում են՝ օգտագործեք հնարավորությունները՝ խորքերին հարվածելու համար։ Ոչ մի նշանակետի հարվածելն արգելված չէ»։
Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին փորձում է տպավորություն ստեղծել, թե «խիզախ կռվող է», սակայն, Պեսկովի կարծիքով, Կիևի դիրքերն օր օրի թուլանում են, իսկ բանակցային հնարավորությունները՝ նվազում։
ԱՄՆ նախագահը տրամագծորեն հակառակ դիրքորոշման է։ Նա կարծում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի աջակցությամբ կարող է վերադարձնել իր բոլոր տարածքները։ «Գուցե նույնիսկ ավելին»,-ասել էր Թրամփը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանն իսկապես հզոր լիներ, պատերազմն արդեն վաղուց ավարտված կլիներ։
«Ես երբեք ոչ մեկին «թղթե վագր» չեմ անվանելու, բայց Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ծախսել ռումբերի, հրթիռների, զինամթերքի վրա և ոչ մի տարածք չի նվաճել։ Կարծում եմ՝ ժամանակն է դադարեցնելու»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկն էլ փաստում է, որ դրական ազդակ է ստացել այն մասին, որ Վաշինգտոնը Կիևի կողքին կլինի մինչև պատերազմի ավարտը։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով՝ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգների նախագահը վերջապես հասկացել է՝ «Պուտինը հեղինակազրկում է իրեն»։
Պոդոլյակի գնահատմամբ՝ Թրամփն այժմ ավելի իրատեսորեն է գնահատում իրավիճակը՝ հասկանալով իր ակնկալիքների պատրանքային բնույթը։ Իսկ Կիևը սպասում է ոչ միայն խոսքերի, այլև որոշակի քայլերի՝ զենքի, ճնշումների և պատժամիջոցների տեսքով։