Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Վեդիի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ 2024թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ մարտին Վեդիի համայնքապետարանի եւ «Փախանյան ընդ Փարթներս» ՍՊԸ միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի տնօրենը Վեդի համայնքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելու համար ներկայացրել է կեղծված փաստաթղթեր։
Aravot.am-ը մեկնաբանության ակնկալիքով զանգեց Վեդիի համայնքապետարան, հեռախոսավարուհին փորձեց միացնել համայնքապետարանի իրավախորհրդատու Ասյա Մաթեւոսյանի, ապա աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանի հետ, սակայն չստացվեց: Աշխատակցուհին խորհուրդ տվեց փորձել անձամբ զանգել: Մեր բոլոր հեռախոսազանգերը, սակայն, մնացին անպատասխան:
«Սփյուռում» առկա «Փախանյան ընդ Փարթներս» ՍՊԸ-ի հեռախոսահամարներով մեր զանգերը նույնպես մնացին անպատասխան: Ամեն դեպքում պատրաստ ենք ներկայացնել համապատասխան պարզաբանումները:
Նշենք, որ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: