Ես ունեմ եկեղեցական օրացույց, որտեղ նշված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու տոները, այլեւ մի շարք այլ կարեւոր իրադարձություններ: Մասնավորապես՝ քրիստոնյա նահատակների հիշատակի օրերը: Նրանց մասին պատմություններն ինչ-որ չափով իրար նման են: Այդ մարդիկ հավատարիմ մնացին իրենց հավատին եւ հրաժարվեցին զոհեր մատուցել օտար, հեթանոսական կուռքերին, ինչի համար էլ ենթարկվեցին սարսափելի կտտանքների եւ, ի վերջո, մահապատժի:
Երեկ, օրինակ, Ս.Բարաղամ, Ս.Անթիմոս եւ Ս.Երանոս հայրապետերի հիշատակի օրն էր: Կայսրերի եւ օտարականների կողմից նշանակված պաշտոնյաները ցանկանում էին քրիստոնյա համայնքների վզին փաթաթել իրենց բարքերը, իսկ այդ հոգեւորականները չէին դավաճանում իրենց ճշմարտությանը, իրենց Աստծուն:
…Ես վստահ չեմ՝ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունը հայկական է, թե՞ իրականում ադրբեջանական: Որովհետեւ Հայաստանի վարչապետն ավելի մեծ խանդավառությամբ է առաջ տանում ադրբեջանական թեզերը, այդ թվում՝ «միջազգայնորեն ճանաչված սահմանների» եւ Հայ առաքելական եկեղեցու մասին, քան Ալիեւը եւ Փաշազադեն:
Հետեւաբար, եթե դա, ըստ էության, օտարի կողմից ղեկավարվող իշխանություն է, ապա միանգամայն «բնական են» հայ հոգեւորականների հանդեպ հալածանքները: Դա մեր պատմության մեջ ո՛չ առաջին, ո՛չ էլ, ցավոք, վերջին դեպքն է:
Արտաքին խնդրի հետ կապված է նաեւ ներքինը: Փաշինյանն այնքան է բանտերում պահելու եպիսկոպոսներին, մինչեւ նորից տիրանա իր բաղձալի աթոռին, որի համար պատրաստ է ամեն ինչի: Մոտակա ամիսների ընթացքում կլինեն ե՛ւ նոր քաղաքական ռեպրեսիաներ, ե՛ւ բացառված չէ՝ նոր սպանություններ:
…Մաքսիմիլիանոս կայսրը մեղադրում էր քրիստոնյաներին՝ կայսրական պալատը հրկիզելու (այսինքն՝ ահաբեկչության) մեջ: Երբ կայսրը ցույց տվեց Անթիմոս եպիսկոպոսին մահապատժի գործիքները՝ վախեցնելու համար, հոգեւորականն ի պատասխան ասաց. «Դու չես կարող խաբել նրան, ով ինքն իսկ ցանկանում է մեռնել Քրիստոսի համար, մահապատիժը վախեցնում է միայն տկար հոգիներին, որոնց համար ժամանակավոր կյանքը թանկ է ամեն ինչից»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: