Ըմբշամարտի ԱԱ․ Ալեքսանյանը կսկսի պայքարը, Ամոյանը եզրափակիչ գոտեմարտ կունենա

Սեպտեմբերի 19-ին Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային կարգերի մարզիկները։

Հայաստանի հավաքականը, Արծրուն Բաբալարյանի գլխավորությամբ, ներկայացնելու են Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում կմրցի ուկրաինացի Վլասիլավ Կուզկոյի հետ։ Արթուր Ալեքսանյանը մրցաշար կմտնի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով Թուրքիայի ներկայացուցիչ Աբդուլ Չեբիի և Չինաստանի Զեյան Վանի միջև տեղի ունեցող գոտեմարտի հաղթողի հետ։

72 կգ քաշային կարգում Գոռ Խաչատրյանը որակավորման փուլում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիզ Ռոչեսի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Նրա մրցակիցը կլինի Եվրոպայի գործող չեմպիոն, 2023 թվականի աշխարհի առաջնության հաղթող, ֆրանսիացի Իբրահիմ Գանեմը։

Օրվա երեկոյան ծրագրում եզրափակիչ գոտեմարտ կունենա նաև Մալխաս Ամոյանը։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և աշխարհի չեմպիոնը 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի ճապոնացի օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակայի դեմ։

Leave a Comment