Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե վերջին յոթ տարում իրենք 2 ատոմակայան են կառուցել՝ ծածուկ:
Բայց ուշադիր լսելով Փաշինյանի խոսքի շարունակությունը, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ թե ատոմակայանի, այլ արեւային կայանների մասին է:
ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, որ ուսումնասիրել է ոլորտը, ասաց․ «Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, որ կառավարության որոշումների արդյունքում երկու ատոմակայան են ստեղծել։ Կարող էր ասել` 4 կամ 5։ Իսկ իրականությունն այն է, որ ատոմակայանը եղել եւ մնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյունը՝ 40% մասնաբաժնով, որն ինքնարժեքի իմաստով ամենամատչելին է։ Մինչեւ 50% հոսանքի արտադրությունը ՋԷԿ-երինը եւ ՀԷԿ-երինն է, եւ միայն 10-15% հոսանքն է, որ արտադրվում է արեւային կայանների կողմից։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը բնավ չեմ թերագնահատում, բայց նոր ատոմակայանի կառուցման շուրջ կառավարության անգործությունը հանցավոր եմ համարում։ Հարցը շատ պարզ է, եթե Հայաստանը «Ռոսատոմի» հետ չկնքի նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիր, ապա 2036 թվին կլրանա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, եւ էներգետիկ համակարգում կառաջանա հսկայական բաց։ Հավանաբար, պլանն այն է, որ այդ բացը կարող է լրացնել «բարեկամ» Թուրքիան՝ ռուսների հետ կառուցվող ատոմակայանի հաշվին»։