ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխությունը որևէ կապ չունի Հայաստան-Թուրքիա բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխման հարցը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ տեսանելի հորիզոնում անգամ տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի մասին։ Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Դա իրականությանը չի համապատասխանում։
Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով։ Սա անում ենք մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Մեր պետությունը պետք է դրվի ճիշտ դիրքի վրա», – ասել է Փաշինյանը։