Քաղաքական բանավեճի ընթացքում վերջերս թույլատրելի սահմանները մի փոքր անցա. Փաշինյան

«Կառավարությունում փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ 2013 թվականից, երբ ՔՊ-ն դեռ կուսակցություն չէր՝ քաղաքացիական նախաձեռնություն էր, դեռ այն ժամանակվանից ներքին քննարկումները տեղի էին ունենում բուռն ու սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում։ «Ցավոք սրտի, բոլորիս հետ էլ լինում է, ինձ հետ էլ է պատահել, նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք, եւ բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»,- ասաց նա։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երեկ տեղի է ունեցել նաեւ կուսակցության վարչության արտահերթ նիստ, հրավիրվել են բոլոր գործընկերները, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, եւ եզրակացությունները մնացել են նույնը։ Ցանկացած փաստի բերումով, եթե նույնիսկ մենք կայացնում ենք որեւէ որոշում, եթե ի հայտ կգա նոր հանգամանք, որեւէ խոչընդոտ չկա, որ մենք այդ թեմային վերադառնանք։ Իսկ ՔՊ կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով»։

Leave a Comment