ԵՄ պատժամիջոցները ՌԴ–ի դեմ բավարար չեն, ավելի կոշտ միջոցներ են հարկավոր՝ պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա վստահեցնում է, որ պատրաստ է խստացնելու պատժամիջոցները՝ պայմանով, որ Եվրոպան նույնպես խստացնի Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները։ Թրամփը դժգոհ է, որ ԵՄ երկրները նավթ են գնում Ռուսաստանից։ Հակառակ այդ ամենին՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ հնարավոր է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ պատրաստ է խստացնելու տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ պայմանով, որ Եվրոպան նույնպես խստացնի սահմանափակումներն ընդդեմ Մոսկվայի։
«Եվրոպան նավթ է գնում Ռուսաստանից։ Ես չեմ ուզում, որ նրանք նավթ գնեն»,— Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
«Դե, նրանք չեն կատարում իրենց գործը։ Սակայն ՆԱՏՕ-ն պետք է միավորվի։ Եվրոպան պետք է միավորվի և անի դա։ Տեսեք, Եվրոպան… նրանք իմ ընկերներն են, բայց նրանք նավթ են գնում Ռուսաստանից։ Ես չեմ ուզում, որ նրանք նավթ գնեն։ Եվ կիրառվող պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն։ Եվ ես պատրաստ եմ պատժամիջոցներ սահմանելու, բայց նրանք ստիպված են լինելու խստացնելու իրենց պատժամիջոցները՝ համապատասխան այն քայլերին, որ ես եմ անում»։
Միջազգային մամուլը գրում է, որ Թրամփը ցնցված է այն փաստից, որ ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանից նավթ են գնում։ Մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում նամակ էր հրապարակել, որում ևս ասում էր, որ ինքը պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն ու սկսեն նույնն անել և դադարեն Ռուսաստանից նավթ գնելուց»։
Այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ որոշ երկրներ ռուսական նավթ են գնում, ԱՄՆ նախագահը շոկային է համարում՝ նշելով, որ դա թուլացնում է ՆԱՏՕ-ի բանակցային դիրքերը և դաշինքի ազդեցությունը Մոսկվայի վրա։
Սեպտեմբերի սկզբին եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահը նրանց մեղադրել էր ռուսական նավթ գնելու միջոցով Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար և կոչ էր արել կտրելու Մոսկվային եկամտի այդ աղբյուրից, ինչպես նաև ճնշում գործադրելու Չինաստանի վրա այս հարցում։
Ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր եվրոպական երկրների՝ ռուսական նավթի գնումների ծավալը կտրուկ կերպով նվազել է։
Դոնալդ Թրամփը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը, բայց կարծում է, որ այն կազմակերպելը հեշտ չի լինի։
«Գիտեք, ես կանգնեցրի յոթ պատերազմ։ Կարծում էի, որ հեշտ կլինի ինձ համար, բայց դժվարությամբ հաջողվեց։ Զելենսկու և Պուտինի միջև ատելությունն անհասկանալի է։ Նրանք ատում են իրար։ Ես չգիտեմ՝ երբ կհաջողվի կազմակերպել նրանց հանդիպումը, բայց համեմատաբար մոտ օրերս։ Նրանք այնքան շատ են ատում միմյանց, որ չեն կարողանում շնչել։ Այնպես որ, ես պետք է ներգրավվեմ»։
ԱՄՆ նախագահը չի պարզաբանել, թե ինչ ձևաչափի հանդիպում է մտադիր կազմակերպել՝ երկկողմ, թե եռակողմ։
Պեկինն ավելի ուշ արձագանքել է իր դեմ մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարություններին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը
նշում է, որ Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ՆԱՏՕ երկրները՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, ռուսական նավթի գնման պատրվակով փորձեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ։