Նա ֆենոմեն չէ, մի համեմատեք նրան Մեսսիի հետ. Կապելո — Armsport.am

Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալի մասին՝ անդրադառնալով նաև նրա և Լիոնել Մեսսի միջև կատարվող համեմատություններին։

«Ինչպես արդեն ասել էի նախկինում, ես կքվեարկեի Լամին Յամալի օգտին «Ոսկե գնդակի» համար։ Սկզբում՝ Յամալը, ապա՝ Վինիսիուսը և Մբապեն։

Յամալը խաղացող է, որն ունի բարձր խաղամակարդակ և կարող է այն զգալիորեն բարելավել, բայց նա ֆենոմեն չէ։ Մեսսին և Մարադոնան արել են այնպիսի բաներ, որոնք ոչ ոք չէր կարող պատկերացնել, սակայն այս պահին ես չեմ կարող նրան համեմատել նրանց հետ։ Ես թվերի մասին չեմ խոսում, ես խոսում եմ որակի և հանճարեղության մասին։

Կրիշտիանու Ռոնալդուն հզոր խաղացող է… Եվ քանի՞ գոլ է նա խփել։ Ավելի շատ, քան որևէ մեկը, բայց նա չի կարող լինել Մեսսին կամ Մարադոնան»,– իտալացու խոսքերն է մեջբերում Defensa Central-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։

Leave a Comment