Լիլիթ Հովհաննիսյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Վրաստանի սահմանային Գոգավան անցակետում Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են, ըստ որոշ տվյալների, ազգությամբ հայ, սակայն Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանիին, ազգանվան հայերեն տարբերակը՝ Կինոյան։ Վերջինիս նկատմամբ ՌԴ իշխանությունները հայտարարել էին միջպետական հետախուզում՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ուկրաինայի կողմից վարձկանությամբ մասնակցելու մեղադրանքով։ Կինոյանն, ըստ այդմ, հեռակա կարգով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Այժմ Հայաստանը քննարկում է ՌԴ-ին նրա արտահանձնման հարցը։ Գործը դիտարկվում է որպես իրավական նախադեպ՝ մտահոգություններ հարուցելով մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Մասնավորապես, ի՞նչ հիմքերով է Ռուսաստանը պահանջում Կինոյանի արտահանձնումը, և արդյո՞ք Հայաստանը պետք է ենթարկվի այդ պահանջին։
Ռուսաստանի հայտարարած միջպետական հետախուզման շրջանակում Վրաստանի քաղաքացի և, ըստ որոշ տեղեկությունների, ազգությամբ հայ Գիորգի Կինոիանիի ձերբակալությունն ու դրան հաջորդած իրավական գործընթացներն ուշագրավ իրավիճակ են ստեղծել, կարելի է անգամ ասել՝ իրավական հարցերի թնջուկ։ Գործընթացը սկսվել է այսպես․
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան․ «Սեպտեմբերի 3–ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից վարձկանության հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։ Մեր տեղեկություններով՝ ազգությամբ վրացի է։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը»։
Դատախազության միջնորդությամբ՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասությանդատարանը որոշել է Գիորգի Կինոիանիին կալանավորել 40 օրով, մինչև քննվի ՌԴ-ին նրա հնարավոր արտահանձնման հարցը։ Արդարադատության նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցել են․
«Առկա փաստաթղթերով եղել են կալանավորման հիմքեր, ուստի նախարարությունը տվել է դրական դիրքորոշում, որպեսզի կալանավորումն իրականացվի»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակիիրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը, ով նույն գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ համատեղ ստանձնել է Կինոիանիի իրավունքների պաշտպանությունը, նախ փոխանցում է, որ, իր տվյալներով, անձն ազգությամբ հայ է, ըստ այդմ՝ ազգանունը՝ Կինոյան։ Չատինյանը միաժամանակ լուրջ վերապահում է հայտնում այն իրավական գործընթացների առիթով, որոնք ձեռնարկվել են իրենց պաշտպանյալի հանդեպ։ Առանցքային մտահոգություններից է, որ Գիորգի Կինոյանիդեմ հեռակա դատավարությունն ու դատավճիռը կայացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գործող դատարանը։ Չատինյանն ասում է՝ ի սկզբանե կասկածելի է այդ դատարանի որոշման իրավաչափությունը;
«Դոնեցկի Հանրապետություն ճանաչված պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի, Հայաստանը, ապա նաև ՄԱԿ–ը որևէ փաստաթղթով այս միավորումը չեն ճանաչել որպես հանրապետություն, հետևաբար, դրա կողմից կայացված որոշումներն իրավական ուժ ունենալ չէին կարող»։
Ի՞նչ որոշում կկայացնի Հայաստանը․ արտահանձնման ընթացակարգը դեռ չի սկսվել
Արդարադատության նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ դեռ չեն ստացել պաշտոնական փաստաթղթերը, որպեսզի ուսումնասիրություններ իրականացնեն և ըստ այդմ որոշեն արտահանձնել-չարտահանձնելու հարցերը։ Մեջբերում պատասխանից․
«Մինչև ուսումնասիրություններ չիրականացվեն, արդարադատության նախարարությունն արտահանձնման հետ կապված որևէ գործողություն չի իրականացնի»։
Անի Չատինյանը հիշեցնում է՝ Եվրոպական արտահանձնման կոնվենցիայով և հայկական օրենսդրությամբ նախատեսված է մինչև ութ ամիս ժամկետ՝ հնարավոր արտահանձնման հարցը քննարկելու համար։ Ուստի հարց է ծագում՝ որքանով է արդար, որ Հայաստանն ամիսներով մարդուն անազատության մեջ պահի, սպասի ՌԴ պաշտոնական միջնորդությանը, որպեսզի հետո հայտարարի, որ չի կարող արտահանձնել, քանի որ որոշումն ընդունվել է ոչ լեգիտիմ դատարանի կողմից։
Չատինյանի գնահատմամբ՝ այս պահին արդարադատության նախարարությունն ունի անձին ազատ արձակելու փաստական և իրավական բավարար հիմքեր։ Հայաստանն, ասում է, կարող է մերժել արտահանման միջնորդությունն այն հիմքով, որ չկան իրավական հիմքեր։ Միջազգային պրակտիկան ևս այս մոտեցման օգտին է։
«ՄԻԵԴ–ը այս տարվա հուլիսին կայացված որոշմամբ «Ուկրաինան և Նիդերլանդներն ընդդեմ Ռուսաստանի» գործով արձանագրել է, որ հենց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի դատարանների կայացրած որոշումները չեն կարող անձի ազատությունների, իրավունքների սահմանափակման հիմք հանդիսանալ։ Միայն այս նախադեպային որոշումը նախարարության համար պետք է բավարար լինի»։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն իր հերթին է խնդրահարույց գործոն մատնանշում։ Գիորգի Կինոիանիին ներկայացված մեղադրանքը՝ վարձկանություն, չափազանց բարդ է ապացուցել՝ բացատրում է Մելիքյանը։ Հայաստանը 2020-ին վավերացրել է «Վարձկանության դեմ» միջազգային կոնվենցիան, որը հստակ սահմանում է՝ ինչ պայմաններում կարող է անձը համարվել վարձկան։
Աննա Մելիքյան․ «Ամենակարևոր չափանիշներից մեկը, որի հիման վրա որոշվում է, որ անձը վարձկան է, իսկ դա քրեորեն պատժելի արարք է, դա ոչ միայն օտարերկրացի լինելն ու ինչ–որ այլ տերությունների ռազմական գործողություններին մասնակցելն է, այլ ամենակարևորը որ այդ անձը շահագրգռված է մասնակցելու ռազմական գործողություններին և դրա դիմաց ստանում է վարձատրություն և ստացած վարձատրությունը պետք է գերազանցի համանման պայմաններում գործող տեղացի զինծառայողի աշխատավարձը։ Այս ամենը պետք է հիմնավորվի կոնկրետ ապացույցներով։ Հենց այստեղ է, որ շատ կարևոր է ու բարդ խնդիրներից է՝ ապացուցել՝ արդյոք կա՞ հանցակազմ այդ անձի արարքում, թե ոչ»։
Հայաստանը, որպես միջազգային կոնվենցիաների կողմ, պարտավոր է հաշվի առնել ևս մեկ հանգամանք՝ արդյոք Կինոյանի արտահանձնման դեպքում նրան չի սպառնում խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք։ Երկիրը պարտավորվում է չարտահանձնել որևէ անձի, եթե կան լուրջ հիմքեր կարծելու, որ նա կարող է ենթարկվել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի։
Աննա Մելիքյան․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշտանգումը և վատ վերաբերմունքը տարածված պրակտիկա են հատկապես ռազմական գործողություններին մասնակցած անձանց նկատմամբ և այն, որ Ռուսաստանն այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ, և ՄԻԵԴ-ը նրա վրա վերահսկողություն չունի, սա նշանակում է, որ Կինոյանին արտահանձնելու դեպքում նա զրկվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի պաշտպանության հնարավորությունից։ Լուրջ մտավախություններ կան նաև այդ առումով:
Կինոիանիի արտահանձնումը վտանգ կարող է ներկայացնել նաև երկրի վարկանիշի առումով՝ կարծում է Չատինյանը․ եթե Հայաստանն օրինականացնում է անօրինական դատական որոշումը, կարող է դառնալ քաղաքական հետապնդման մասնակից։
ՀՔԱՎ-ը դիմումներ է ուղարկել ՀՀ դատախազություն և արդարադատության նախարարություն՝ վիճարկելով կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը և պահանջելով Գիորգի Կինոիանիի ազատ արձակումը։ Կազմակերպությունը պատրաստվում է դիմել միջազգային դատական ատյաններին ևս։ Այս ընթացքում արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է թնջուկի վերածված գործի հանգամանքները։