Անգամ չեմ ուզում տեսնել նրան. Հարոյանը պատմել է հավաքականից հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Կազինչբարցիկայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը լայնածավալ հարցազրույց է տվել «Чемпионат»-ին, որում խոսել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու պատճառների, նոր ակումբում ադապտացիոն շրջանի և կարիերայի ամենաբարդ մրցակցի մասին։

— Ինչպե՞ս հայտնվեցիք Հունգարիայի բարձրագույն լիգայի նոր ակումբում։

«Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն, մի քանի տարի խաղալ և դանդաղորեն պատրաստվել կարիերաս ավարտելուն։ Ես կարոտում էի Հայաստանը։ Բայց «Փյունիկում» դժվարություններ ունեցա մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, և Հունգարիան դարձավ կարիերաս շարունակելու առաջին տարբերակը»։

— Ի՞նչ խնդիրներ կային Մելիքյանի հետ։

«Չեմ ուզում մանրամասնել։ Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն՝ իմ հարազատ թիմ, և նա այնտեղ էր աշխատում։ Ես նրան վաղուց էի ճանաչում․ մենք ֆուտբոլ էինք խաղում միմյանց դեմ։ Շատերն ինձ ասում էին, որ միասին չենք կարողանա աշխատել։ Եվ այդպես էլ եղավ։ Ես այլևս նրա հետ չեմ աշխատի։ Ես նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան։ Իմ կարիերայի ընթացքում շատ մարզիչներ եմ ունեցել, և երբեք ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել։ Ես դեռ կապի մեջ եմ շատերի հետ։ Կային միայն երկու մարզիչ, որոնց հետ համագործակցությունը չստացվեց, և երկուսն էլ հայեր էին (ծիծաղում է)։ Նրանք Եղիշե Մելիքյանն ու Գրիգորի Բաբայանն էին»։

— Դուք Մելիքյանի պատճառո՞վ եք հրաժարվել ազգային հավաքականից։

«Երկու շաբաթ առաջ ասացի, որ ուզում եմ ավարտել կարիերաս Հայաստանի ազգային հավաքականում, և դա արեցի։ Դա միայն մարզչի պատճառով է։ Կարող էի օգնել հավաքականին դեռ մի քանի տարի, ինչպես արդեն արել եմ։ Խաղացել եմ 92 խաղ, տվել եմ ամեն ինչ, ինչ կարող էի, և վերջին տարիներին եղել եմ թիմի ավագը։ Ոչ ոք չի կարող ոչինչ ասել իմ նվիրվածության և հայրենասիրության մասին։ Պարզապես ժամանակն էր ավարտել կարիերաս ազգային հավաքականում։ Թաքցնելու բան չկա․ այս որոշումը կայացվեց մարզչի փոփոխությունից հետո»։

— Դժվա՞ր որոշում էր։

«Այո։ Չէի սպասում նրա նշանակմանը Հայաստանի հավաքականում։ Եվ նաև՝ իմ հեռանալուն հավաքականից։ Ամեն ինչ այլ կերպ էի պատկերացնում։ Բայց դա ֆուտբոլ է և կյանք, այդպես էլ պատահում է։ Ես արդեն 33 տարեկան եմ։ Այնքան էլ երիտասարդ չեմ, որ նման բաների միջով անցնեմ։ Ազգային հավաքականը շատ բան է տվել իմ կարիերային։ Առաջին անգամ խաղացել եմ հավաքականի կազմում 15 տարի առաջ և գործնականում երբեք չեմ բաց թողել որևէ մարզական հավաք։ Ազգային հավաքականի իսպանացի ֆիզիոթերապևտի հետ անգամ նկատեցինք, որ նույնիսկ մեկ մարզում չեմ բաց թողել։ Ոչ ոք չի կարող իմ մասին վատ բան ասել։ Սա իմ երկիրն է, և ես մեծ հայրենասեր եմ, ինչը բոլորը գիտեն։ Բայց չեմ ուզում աշխատել այս մարզչի հետ, որովհետև գիտեմ, որ դա չի ստացվի, և նույնիսկ չեմ ուզում փորձել»։

— Հնարավո՞ր է վերադարձ Հայաստանի հավաքական՝ այլ մարզչի գլխավորությամբ։

«Անհավանական է։ Եթե որոշումը կայացրել եմ, ապա չեմ կարող փոխել այն։ Չգիտեմ՝ ապագայում ինչ կլինի, չեմ ուզում կանխատեսումներ անել։ Այս որոշումը կայացրել եմ և արդեն բոլորին հրաժեշտ եմ տվել։ Շատ շնորհակալ եմ ազգային հավաքականին․ այն ինձ շատ բան է տվել։ Այստեղ ես հանդիպեցի Խոակին Կապառոսին։ Նա հիանալի մարզիչ է ինձ համար։ Այո, ազգային հավաքականում եղել են դժվար պահեր, բայց եղել են նաև լավ դրվագներ»։

— Ինչպիսի՞ն է ձեր նոր ակումբը։

««Կազինչբարչիկան» փոքր թիմ է և նոր է մտել բարձրագույն լիգա, բայց ինձ դուր է գալիս երկիրը և առաջնությունը։ Ակումբներն ունեն շատ լավ ենթակառուցվածքներ, և կան ուժեղ թիմեր՝ «Ֆերենցվարոշ», «Պուշկաշ Ակադեմիա», «Պակշ»»։

— Ինչպե՞ս է ընթանում ադապտացիան։ Հանդիպե՞լ եք Հարությունյանի և Սևիկյանի հետ։

«Ես մեկ այլ քաղաքում եմ, իսկ նրանք՝ Բուդապեշտում։ Այնտեղ հասնելու համար երկու ժամ է պահանջվում։ Սևիկյանին մեկ անգամ հանդիպել եմ Բուդապեշտում, իսկ Հարությունյանին՝ արդեն մեր թիմերի խաղում։ Ադապտացիայի հետ կապված ամեն ինչ լավ է։ Ես 33 տարեկան եմ, այնպես որ ինձ միայն ընտանիքս է պետք մոտակայքում։ Ֆուտբոլի դաշտերն ու մարզադաշտերը լավն են, մեկ ռեստորանն ինձ համար բավարար է։ Այժմ մենակ եմ ապրում Հունգարիայում, ընտանիքս Երևանում է։ Նրանք պետք է ժամանեն սեպտեմբերին։ Եթե մենակ եմ ապրում, չեմ պատրաստում, ռեստորանում եմ սնվում»։

— Սևիկյանի տեղափոխությունը «Ֆերենցվարոշ» սխա՞լ էր։ Նա այնտեղ գրեթե չի խաղում։

««Ֆերենցվարոշը» Եվրոպայի մեծ թիմ է, որը կխաղա Եվրոպա լիգայում։ Սևիկյանը այս ուժեղ ակումբի մասն է կազմում։ Գլխավոր մարզիչը Էդգարին ասել է, որ վստահում է նրան և իսկապես ուզում է, որ մնա թիմում։ Սևիկյանը հավատացել է նրա խոսքերին, բայց իրականում մարզիչը թույլ չի տալիս խաղալ։ Մի անգամ դուրս է բերել նրան խաղադաշտ 11 րոպեով, մեկ այլ անգամ՝ 13։ Եթե Էդգարը հնարավորություն ունի ՌՊԼ-ում վարձավճարով խաղալու, պետք է դիտարկի դա։ Ես նրան ճանաչում եմ երկար տարիներ․ նա այնպիսի խաղացող է, որը ցանկանում է խաղալ»։

— Ո՞ր խաղացողի դեմ էր ամենադժվարը խաղալը։

«Պատասխանը կարող է անակնկալ լինել։ Շատ դժվար պահեր ունեցա «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում, որում նաև գոլ խփեցի։ Ֆալկաոն արդեն մեծ էր, բայց նրա դեմ խաղալը դժվար էր։ Նա միշտ ինձանից առաջ էր, նույնիսկ եթե ընդամենը մեկ վայրկյանով։ Այդ խաղը շատ հիշարժան էր ինձ համար»,- ասել է Հարոյանը «Чемпионат»-ին տված հարցազրույցում։

Leave a Comment