Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էրիկ Փիլոյանը և Արթուր Սերոբյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Իռլանդիայի հավաքականի դեմ տարած տնային հաղթանակը (2:1)։

«Խաղը կարդացի։ Ինձ հետ նման բաներ հաճախ են պատահում։ Ամենակարևորը հաղթանակն էր, երեք միավորը, և դրա համար ամեն ինչ արեցի, որպեսզի օգնեմ իմ թիմին։ Կարծում եմ՝ բոլորը իդեալական հանդես եկան։ Շատ ուրախ էի, քանի որ այս խաղում ապացուցելու բան ունեի։ Կարծում եմ՝ որոշ չափով ստացվեց․ մարզիչները վստահեցին, ես էլ ամեն ինչ արեցի իմ կատարած սեյվերով և մնացած դրվագներով, որպեսզի նրանց վստահությանը արժանանամ»,- ասել է Փիլոյանը։

«Պատրաստվել էինք շատ լուրջ, խաղին մոտեցել էինք մարտական, և գիտեինք, որ դաշտ ենք դուրս եկել միայն երեք միավորի համար՝ որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին։ Ինձ թվաց՝ վերջապես խփեցի առաջին գոլս հավաքականում, բայց այն չեղարկվեց։ Կփորձեմ ավելի շատ աշխատել, քանի որ հոկտեմբերին և նոյեմբերին դեռ խաղեր ունենք, որպեսզի ներկայանամ լավ մարզավիճակում և օգնեմ հավաքականին»,- ասել է Սերոբյանը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի իր հաջորդ հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին և 14-ին՝ Հունգարիայի և Իռլանդիայի դեմ արտագնա խաղերում։