ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին։
Սիրելի հայրենակիցներ,
Պատմականորեն ապացուցված փաստ է․ յուրաքանչյուր զավթիչ, իր նվաճումը լիակատար և անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը, նրա մշակութային հետքն ու հավաքական հիշողությունը, որովհետև աներկբա է՝ մշակույթը հոգևոր սահման է և ինքնություն։
Ալիևը հենց այսպիսի՝ հայկական հետքի վերացման քաղաքականությունն է իրականացնում երեքհազարամյա հայկական Արցախում, և դա կոչվում է մշակութային ցեղասպանություն։ Այսպիսին է քոչվոր ասպատակողի, թշնամու ձեռագիրը։
Իսկ ինչո՞ւ ենք մենք ու մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, այդքան աղավաղված, ազգը պառակտող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալին, պատմությանն ու ժառանգությանը։
Վերջին օրերին հանրային արդարացի ընդվզում է առաջացրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի «վերանորոգման» ընթացքը ։
Այն, ինչ կատարվել է հանրապետական նշանակության հուշարձանի հետ պարզապես վանդալիզմ է․ վնասվել են և վերականգնման ենթակա չեն մույթեր սալեր, սանդուղք և այլն։
Շուրջ 740 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում չի իրականացվել պատվիրատուի, հեղինակի և տեսչական պատշաճ վերահսկողության, իսկ անորակ, աշխատուժն ավիրել է, ինչպես կարողացել է։ Որոշ հատվածներ անգամ անհնար է նախնական տեքով վերականգնելը:
Համազգային սրբավայր հանդիսացող հուշարձանին և ողջ հասարակությանը հասցված բարոյական և նյութական վնասի համար հանրությունն արդարացիորեն պատասխանի է սպասում։
Մասնավորապես՝ ինչպե՞ս են կազմակերպվում մրցույթները, ի՞նչ չափանիշներով են ընտրվում շինկազմակերպությունները։ Ինչո՞ւ ԿԳՄՍ-ն որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ կանխելու հուշարձանի վնասումը։
Նույքան աղետալի է Հ․ Թումանյանի թանգարանի «վերանորոգման» պատմությունը։ 2023-ին մեկնարկած Թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2026 թ․-ն, մինչդեռ աշխատանքները սառեցված են, իսկ թանգարանը վերածվել է անկտուր փլատակի։ Եվ այստեղ էլ նույն հարցերն են և նույն եզրակացությունը․․․․
Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորությունները ձախողած պաշտոնատար անձինք, ով է հատուցելու մեր միջոցներից մսխված գումարները:
Ավետիք Իսահակյանի 150 ամյակն է։ Գնացեք և տեսեք արձանի շրջակայքը. լքված ու անխնամ պատկեր:
Դուք հավանաբար գիտեք՝ հասարակությունը չի հավատում, անգամ հուշարձանները դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։ Իսկ չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր դուք եք տվել՝ յոթը տարի շարունակ հասարակությանը ստով, պոպուլիզմով, ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրելով։
Ավարտեմ Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ «Եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում և ոչ մի հրաշք չի փրկելու քեզ»։
Ոչ մի հրաշք չի փրկելու պատասխանատվությունից․․․
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։