
Նեպալում հակակառավարական ցույցերի պատճառով նախագահ Ռամ Չանդրա Պուդելը հրաժարական է տվել, ինչպես և վարչապետը։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։
Ավելի վաղ նախագահն ընդունել էր վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականը։
Ցույցերի երկրորդ օրը Կատմանդուում անկարգություններն ավելի են սրվել։ Զոհերի թիվը հասել է 22-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Ցուցարարները ծեծի են ենթարկել մի քանի նախարարների, հրկիզել են խորհրդարանի շենքը, վանդալիզմի ենթարկել Գերագույն դատարանի շենքը, ինչպես նաև մի քանի լրատվամիջոցների գրասենյակներ։ Նրանք ներխուժել են նաև Շարմա Օլիի տուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններ։
Նշվում է նաև, որ 2011 թվականի փետրվարից օգոստոս Նեպալի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ջալա Նաթ Քհանալի կինը մահացել է ցուցարարների կողմից նրանց տան հրկիզման հետևանքով ստացած այրվածքներից։
Ցուցարարներն այրել են նաև Simrik Airlines-ի շենքը՝ ավիաընկերությանը մեղադրելով այն բանում, թե նրանք ուղղաթիռներ են տրամադրել, որպեսզի պաշտոնյաները փախչեն երկրից։
Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել են՝ վերածվելով անկարգությունների։