Ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է ԱԳՆ շենքի ներսի պատին գտնվող որմնանկարը

Արցախի տուրիզմի եւ մշակույթի զարգացման գործակալության ՖԲ էջում տեղ գտած գրառումը.

Այսօր մենք հրապարակայնացնում ենք այն փաստը, որ Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի ապամոնտաժման ընթացքում, որը ներառված էր պատմամշակութային հուշարձանների ցանկում, Ստեփանակերտում գործող ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է շենքի ներսի պատին գտնվող տաղանդավոր նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի հեղինակած որմնանկարը։

ԱԳՆ շենքի քանդումը Արցախի Անկախության օրը ոչ միայն նպատակ ուներ վերացնել անկախության խորհրդանիշները, այլև դարձավ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, աղավաղման և յուրացման հետևողական քաղաքականության հերթական դրսևորումը։

Մենք ընդգծում ենք, որ այս վանդալիզմի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը, որը իր լռությամբ և անգործությամբ փաստացի խրախուսում է մշակութային ցեղասպանությունը։ Ոչ պակաս մտահոգիչ է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, որոնք պարտավոր էին պաշտպանել իրենց քաղաքացիների իրավունքները և Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։

Առնոլդ Մելիքսեթյանի որմնանկարի ոչնչացումը ոչ միայն արվեստի արժեքավոր գործի կորուստ է, այլև հիշողության ու արցախահայերի ինքնության ջնջման լայնածավալ քաղաքականության մի մասը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment