«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-յան էջում հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է ներառական ֆուտբոլով զբաղվող հայ պատանի Ռուբենին։ Վերջինս ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղից առաջ (0:5) ուղեկցում էր Ռոնալդուին խաղադաշտ։
«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ ամեն օր ստացած սիրո և աջակցության համար և հուսով եմ, որ բոլորը հնարավորություն կունենան հետևել իրենց երազանքին»,— տեսանյութին կից գրել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։
Նշենք, որ Ռոնալդուն Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդն է՝ 663 միլիոն, իսկ տեսանյութը կարճ ժամանակում արդեն հավաքել է 11 միլիոն դիտում։