2025-ի ամառը նախորդ տասնամյակի ընթացքում առաջինն էր, երբ անձնագրային ծառայություններում հերթեր չեն եղել՝ ասում է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ թեև միգրացիայի և քաղաքացիական ծառայության համակարգը նախորդ ամիսներին ծանրաբեռնված է եղել նույնականացման քարտերի բազմաթիվ դիմումներով, ինչը պայմանավորված է եկամուտների պարտադիր հայտարարագրմամբ, քաղաքացիները կարողացել առանց հերթերի և օնլայն հերթագրումով ստանալ թե՛ անձնագիր, թե՛ նույնականացման քարտեր։
«Պիկային սեզոնը միշտ հուլիս-օգոստոս ամիսներին էր։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ անձը հերթագրվում էր տվյալ օրը, և այդ օրը կարողանում էր տալ իր անձնագրի համար դիմումը։ Անձնագրի փոխանակումը ստանդարտ ընթացակարգով կատարվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն մենք կարողանում էինք նույնիսկ սպասարկել արագացված ընթացակարգերով՝ հավելյալ ծառայության վճարի դիմաց՝ 1-3 օրվա ընթացքում»։
Ղազարյանի խոսքով՝ այժմ համակարգը գործում է հիբրիդային ձևով։ Քաղաքացիները կարող են և՛ առցանց եղանակով հերթագրվել, և՛ մոտենալ անձնագրային ծառայության նախընտրելի գրասենյակ, սակայն նախապատվությունը տրվում է առցանց հերթագրումներին։ ՆԳՆ փոխնախարարի վերջին՝ սեպտեմբերի 2-ի տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 160 հազարից ավելի անձ է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։
«Ունենք 11․259 է անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են քաղաքացիություն և 5․000–ից ավելի անչափահասներ, որոնք անձնագրի փոփոխությամբ, երբ ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն, ավտոմատ դառնում են քաղաքացի, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներից արդեն 160 հազարից ավելին ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։
Թեև պատգամավորների հարցերն ավելի շատ անձնագրերի և նույնականացման քարտերի մասին են, ՆԳՆ փոխնախարարը ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողով է եկել՝ ներկայացնելու Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը։ Դրանով, ըստ Ղազարյանի, կակտիվանան երկու պետությունների միջև միգրացիոն հոսքերը․
«Հիմնական նպատակը փոխգործակցության արագ և արդյունավետ ընթացակարգեր սահմանելն է միգրացիայի ոլորտում։ Հիմնական ուղղությունները վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկության փոխանակումն է։ Ինչպես նաև կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների և նրանց ընտանիքի անդամների, բնակության իրավունքների պաշտպանության, բնակության համար թույլտվության ժամկետների ընթացքում արդյունավետ ընթացակարգեր սահմանելն է»։
Հաջորդ նախագծով, որ վերջին շաբաթներին լայնորեն քննարկվում է համացանցում և մասնագիտական ու քաղաքացիական հանրության շրջանում, Պաշտպանության նախարարությունն առաջարկում է խստացնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվությունը և Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում հստակեցնել պատժից խուսափելու ձևերը։
ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյան․ «Հիմնական դրույթը վերաբերում է նրան, որ Քրեական օրենսգրքում ունեինք խուսափելու հետ կապված պատասխանատվության միջոցի կիրառում, բայց այնուամենայնիվ չէր բացատրվում, թե ինչ է նշանակում խուսափել, և այս նոր օրենքի ընդունմամբ մենք կունենանք հետևյալ ձևակերպումը, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքի ներգրավելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքի ներգրավելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով, օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվում է»։
Այս խախտումների համար քաղաքացիները կա՛մ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 15-ապատիկից 30-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են, բայց հանրության շրջանում դժգոհություններ կան, որ գրեթե միշտ նույն մարդիկ են ստանում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում։
«Հաճախ են գնում վարժական հավաքների նրանք, ովքեր նոր են բանակից եկել են, ասենք, 44-օրյայի զինվորներ են, և մի ստվար զանգված դուրս է մնում այդ զորահավաքային կանչերից»։
Փոխնախարար Հրաչյա Սարգսյանն արձագանքում է՝ հաճախ քաղաքացիները ծանուցվում են, բայց առողջական բուժզննությունից հետո պարզվում է, որ չեն կարող մասնակցել վարժական հավաքներին․
«Դուք 44-օրյա պատերազմը ասացիք, բայց 2020-ից արդեն անցել է 5 տարի, և արդեն պայմանական հաջորդ տարվանից կներգրավեն մարդիկ, որոնք 2 կամ 3 տարի առաջ են ներգրավվել վարժական հավաքներում։ Միևնույն ժամանակ միգուցե իրենց շրջապատում կան մարդիկ, որոնք չեն գնացել և ընկալում կա, որ նրանց չեն կանչում։ Դա կարող է կապված լինել այն հանգամանքով, որ մարդիկ կան, որոնց կանչել ենք, և ներկայացել են, բուժհետազոտությունն անցել են, բայց իրենց առողջական վիճակը չի թույլ տալիս, որ վարժական հավաքներում ներգրավվեն»։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ոլորտի պատասխանատուներին առաջարկում է անանուն հարցումներ անել վարժական հավաքներին մասնակցած անձանց շրջանում, հավաքել հիմնական խնդիրներն ու կազմակերպել հանրային լսումներ՝ հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ վարժական հավաքներից նոր վերադարձած քաղաքացիներից մեկը ցույց է տալիս այն պայմանները, որտեղ մնացել են․ զորանոց ուղղակի չկար»։
ՊՆ փոխնախարարի խոսքով՝ նախագծի առաջինից երկրորդ ընթերցման փուլում հաշվի կառնվեն դիտարկումները, և նոր առաջարկներով նորից խորհրդարան կգնան։ Մինչև այդ դրական եզրակացությամբ նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստին։