Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի ընտրանու դեմ նախախաղային ասուլիսին խոսել է իր սպասելիքների մասին։
«Գործ ունենք լուրջ մրցակցի հետ: Այս հավաքականը Եվրոպայում լավագույններից է, բայց մենք մեր ծրագիրն ունենք, նրանք էլ թույլ կողմեր ունեն, չնայած դրանք քիչ են: Միշտ լավ եմ պատրաստվում խաղին, կաշխատեն ծրագրերս, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Չեմ կարող փակագծեր բացել, քանի որ դա արդեն անակնկալ չի լինի մրցակցի համար:
Ավելի լավ եմ սկսում ճանաչել ֆուտբոլիստներին ու հիմա կարող եմ ասել, որ այո՛, այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ գնալ, մեծ վստահություն ունեմ նրանց հանդեպ:
Վաղը կհայտնեմ՝ ով է լինելու թիմի ավագը, բայց ավագի թևկապը դեռ չի նշանակում, որ լինելու է միայն մեկ առաջատար: Նրանք մի քանիսն են թիմում:
Այս մարզաձևում եմ 35 տարի: Էմոցիոնալ եմ, և սպորտն, առհասարակ, էմոցիայի մասին է, բայց որոշումներս էմոցիաներով չէ, որ կայացնում եմ: Իմ գլխավոր խնդիրը վաղվա հանդիպումն է։ Գիտակցում եմ թե որքան կարևոր խաղ է»,-ասել է Մելիքյանը: