Երևանում ամեն օր առաջացած կենցաղային թափոնների «հանգրվանը» Նուբարաշենի աղբավայրն է։ Աղբավայրի վիճակն օրեցօր վատթարանում է՝ զուգահեռ սրելով էկոլոգիական խնդիրներն ու մարդու առողջությանը հասցվող վնասները։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, փորձագետ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ Նուբարաշենի աղբավայրը Երևանի համար խիստ վտանգավոր է։
Յուրաքանչյուր տարի Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման դեպքեր են արձանագրվում, ինչն էլ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար մեծ վտանգներ է ստեղծում։ Զարաֆյանի խոսքով՝ այրման գործընթացն անընդհատ կրկնվում է, իսկ կանխարգելիչ միջոցառումները՝ հապաղում։
«Ամեն օր արտադրում ենք թափոններ, որոնք գնում են նույն աղբավայրը։ Աղբավայրը մեծանում է մեծ արագությամբ, դրան զուգահեռ էլ՝ խնդիրները։ Շուրջ 52 հա աղբավայրի տարածքը ծածկված է բավականին մեծ շերտով վտանգավոր և ոչ վտանգավոր թափոններով՝ էլեկտրոնային, բժշկական, թունավոր և այլն։ Այսինքն՝ չտեսակավորված աղբ է, որն անընդհատ կուտակվում և սկսում է բռնկվել»։
Զարաֆյանն ընդգծում է, որ արտանետումները վնաս են հասցնում ոչ միայն Երևանին, այլև հարակից բնակավայրերին, քանի որ քամու ուղղությամբ տարածվում է աղտոտվածությունը։ Ու թեև կա տեսակավորման և վերամշակման գործընթաց, սակայն այն չափազանց քիչ է և բավարար չէ խնդրի լուծման համար։
«Նուբարաշենը ռումբ է, որը չգիտենք, թե երբ կպայթի»,- այս կարծիքին է նաև Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա այն համոզմանն է, որ աղբավայրի խնդիրը հնարավոր էր լուծել ավելի վաղ, սակայն գործնականում դեռևս շոշափելի արդյունք չենք տեսնում։
Նուբարաշենի աղբավայրի խնդիրը քննարկվեց նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց, որ աղբի վերամշակման նոր գործարանի երկփուլ մրցույթը մինչև տարեվերջ պետք է կայանա, և համապատասխան հանձնարարական տվեց բնապահպանության վարչությանը։
Մինչ կադրային փոփոխությունները կամ խնդրի լուծման մեկնարկի քիչ թե շատ նշմարումը, աղբավայրը շարունակում է ծխալ՝ ծանր վնասներ հասցնելով Երևանին ու երևանաբնակներին։