Վահե Հովհաննիսյանը նկատում է. «Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։ Նախքան ընտրությունները և ընտրությունների միջոցով պետք է ֆիքսել դա՝ բերելով երկրում քաղաքական և, հետևաբար, հոգեբանական լուրջ փոփոխությունների։ Պատմական փոփոխության հնարավորությունն արդեն բոլորին տեսանելի է։ Անկախ բոլոր ռեպրեսիաներից՝ մենք ունենք ընտրություններում հաղթելու բոլոր շանսերը։
Հաջողության հասնելու համար պետք է պահպանել մի քանի կարևոր պայման։
Նախընտրական համակեցության նորմերի ֆիքսումը և պահպանումը հաջողության առանցքային գործոններից է։ Հակաիշխանական ուժերը և «հանրային ակտիվը» այս գիտակցությամբ պետք է մտնեն ընտրական տարի։ Սա նեղ, շքախմբային, ժամկետանց (երեսնամյա կամ ավելի նոր) թշնամանքից հրաժարվելու փուլն է։
Մեծագույն սխալը կանենք՝ կարծելով, թե փողով կարող ենք հասարակությանը տրամադրել խորքային փոփոխությունների։ Այդպես հասարակությանը կառաջարկվի դեֆեկտիվ ընտրություն՝ իշխանության ֆիկտիվ «Կրթվելը նորաձև է»-ին հակադրելով ընդդիմադիր համակարգերի «Կթելը նորաձև է» միտումը։ Մարդը կվերցնի փողը, կընդունի առաջարկվող ծառայությունը, բայց չի դառնա փոփոխություն պահանջող ու պարտադրող քաղաքացի։ Այս բանաձևով Հայաստանը պարտվելու է։
Հայաստանի այսօրվա խնդիրները պահանջում են լուրջ ինտելեկտուալ ռեսուրս։ Քաղաքացին գիտակցում է, որ նժարին դրված է իր ընտանիքի անվտանգության հարցը, և եթե իր մտքում, իր գիտակցության մեջ որոշում չկայացնի, ապա փողով դա հաստատ չի անի։
Դարձյալ կարևոր է համակեցության գաղափարը, այս անգամ՝ հետընտրական և լայն հանրային։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, և եթե ուզում ենք դուրս գալ պատմական նվաստացման մղձավանջային փուլից, պետք է սկսել հանրային մթնոլորտի էական փոփոխությունից։
Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ։ Բոլորը հոգնել են իրար ատելուց, բզկտելուց, մաշող դատերից ու քրգործերից, կյանքը թունավորող իրականությունից։ Ընտրության արդյունքը չպետք է լինի զուտ տեղերով փոփոխություն, չպետք է լինեն վենդետաներ, անձնական վրեժխնդրություն, նոր պառակտումներ ու նոր թշնամանք։ Սա իհարկե չի նշանակում, որ այսօր կատարվող հակաիրավական քայլերը չպետք է ստանան իրավական գնահատական՝ դրանից բխող հետևանքներով։ Սակայն լայն հանրային մակարդակով պետք է վերջապես դուրս գանք համատարած թշնամանքի քայքայիչ թակարդից»։