Հայաստանը հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշումը կատարելուց. Սրբուհի Գալյան

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշումը կատարելուց, որով միջազգային արբիտրը պահանջել է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթացի շրջանակում արված քայլերից։ Խոսքը համապատասխան օրենքներում կատարված փոփոխությունները կիրառելու, ՀԷՑ-ի կառավարիչներին փոխելու գործընթացի մասին է: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ կան իրավական հիմքեր այդ որոշումը թե՛ հարկադրաբար կատարելու, թե՛ չկատարելու։ Թեման քննարկվել է Երրորդ միջազգային արբիտրաժային շաբաթի շրջանակում․ խոսվել է նաև ներդրումային միջավայրի կանխատեսելիության, դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցման և Հայաստանի ներպետական օրենսդրության գերակայության մասին։

Մեր երկրում արդեն գործում է արբիտրաժային ինստիտուտը, հաշտարարության ինստիտուտը, և կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրելու, որ այս ինստիտուտները հաջողեն որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ՝ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կազմակերպած Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մենք ցանկանում ենք ունենալ լավ միջավայր և կանխատեսելի լուծում վեճերի, որպեսզի շահագրգռենք այն բոլոր մարդկանց, որոնք ներդրում են անելու կամ անում Հայաստանի Հանրապետությունում, գալ և անել ի վերջո այդ ներդրումները։ Բացի այդ, ունենք մեկ այլ նպատակ ևս՝ բեռնաթափել այն դատական ծանրաբեռնվածությունը տարբեր ատյաններում և դատարաններում, որը այս պահին գոյություն ունի»։

Հայաստանի ներպետական օրենսդրությամբ կա հնարավորություն միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու, եթե այն հակասում է հանրային կարգին։ Անդրադառնալով ՀԷՑ-ի վերաբերյալ իրավական վեճին՝ նախարարն ասում է, որ երկկողմ ներդրումային պայմանագրի համաձայն՝ վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում։

Որոշման մեջ հղում է արվում Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է՝ այդ որոշումը կամ վճիռը չկատարելու դեպքում դրա կատարման հնարավորությունը, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։ Այդ ընթացակարգն առկա է նաև ներպետական օրենսդրության շրջանակում։

«Եթե մենք խոսում ենք միջազգային արբիտրաժի և դրա կողմից կայացված վեճերը կատարել կամ չկատարելու մասին, պետք է նշեմ հետևյալը. Կա Նյու Յորքի կոնվենցիա, որին մասնակցում ենք մենք, և Նյու Յորքի կոնվենցիան սահմանում է այն դեպքը, երբ պետությունը չի կատարում արբիտրաժի որոշումը կամովի, և այդ դեպքում այն պետք է կամ կարող է կատարվել հարկադրաբար: Հարկադրաբար կատարման մեխանիզմը, ես նախկինում էլ եմ նշել, դա դատարանի որոշման հիման վրա համապատասխան արբիտրաժային որոշման կատարումն է»:

Հիշեցնենք, որ ըստ գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի՝ 2025 թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Հարցին իր վերջին ճեպազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը չի կատարելու միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը։ Մեկ այլ առիթով էլ Փաշինյանը շեշտել էր, որ ՀԷՑ-ը պետք է պետականացվի ու ծառայի ժողովրդին։

Միջազգային ներդրումային իրավունքի մասնագետ Դավիթ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ թե՛ Հայաստանի «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով, և թե՛ Նյու Յորքի «Oտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայով սահմանվում է, որ արբիտրաժային վճիռը կարող է չեղարկվել միայն սպառիչ ընթացակարգային հիմքերի ի հայտ գալու դեպքում։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսվում է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման՝ հանրային կարգին հակասել-չհակասելու հարցը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է քննարկի։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ դատական գործի վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել առնվազն երկու տարի անց։ Սակայն եթե դատարանը որոշի, որ արբիտրաժային վճիռը հակասում է հանրային կարգին, այդքանով պատմությունը չի ավարտվի։ Հայցվորը կարող է շարունակել պայքարը Նյու Յորքի կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր պետության դատական համակարգում՝ մանրամասնում է Խաչատրյանը։

«Այդպիսի 172 երկիր կա։  Այսինքն, օրինակ, կարող է գնալ x պետություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կունենա որևէ գույք, կունենա որևէ ակտիվ՝ դրամի, պետական պարտավորությունների, ինչ-որ բոնդերի տեսքով և այլն, և դրանց հաշվին, օրինակ, տեղական դատարանին,  կարող է խնդրել, որ Հայաստանի Հանրապետությանը տվյալ ունեցվածքի հաշվին կատարի արբիտրաժային վճիռը»։

Արբիտրաժային վճիռը կարող է ենթադրել ոչ միայն դրամական փոխհատուցում, այլև վիճարկվող գույքի, այն է՝ ՀԷՑ-ի նախկին կարգավիճակի վերականգնում՝ ասում է Խաչատրյանը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Միջազգային արբիտրաժը կայացրել է հայցի ապահովում կիրառելու որոշում, որն այս պահին կառավարությունը կամավոր կերպով չի կատարում, և կա հարկադրաբար կատարելու մեխանիզմ, եթե ՀԷՑ-ը դիմի հայաստանյան դատարան ու հաղթի։

«Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից: Այսինքն, ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան»։

Հետևաբար, նախարարի խոսքով, հարկադրաբար կատարելը պետք է տեղի ունենա ներպետական մարմինների կողմից, որովհետև որևէ վերպետական մարմին կամ միջազգային ատյան չի կարող պարտադրել պետությանը կատարել որևէ բան, այն էլ այնպիսի բան, որը պոտենցիալ ունի հակասելու տվյալ երկրի հանրային կարգին՝ ձևակերպեց արդարադատության նախարարը։

«Այն կարգավորումները, որոնք միջազգային տիրույթում կան, հենց նրա մասին են, որ պետություններին ապահովագրեն նմանատիպ երևույթներից։ Այսինքն ասում են այո, պետություն, սովորական պայմաններում դու պետք է կատարես համապատասխան որոշումները արբիտրաժային, բայց մենք ձեզ համար նախատեսում ենք նաև հնարավորություն չկատարելու, եթե դու քո ներպետական մակարդակում կորոշես, որ այդ որոշումը հակասում է քո ներքին հանրային իրավական կարգին»։

Յուրաքանչյուր որոշում, եթե չհակասի ներպետական հանրային, իրավական կարգին, ենթակա է կատարման՝ եզրափակում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Leave a Comment