Արայիկ Պետրոսյանը ծնվել է 1992 թվականին Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ երաժիշտ է, ավարտել է Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժինը։ 2010-2012 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Մատաղիսում, հետո՝ Հադրութում։ Զորացրվելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության։ Հետո աշխատանքի հրավեր ստացավ նախագահական նվագախմբից, որտեղ աշխատել է հինգ տարի։ 44-օրյա պատերազմին էլ Արայիկը մասնակցեց հենց այս նվագախմբի կազմում։ Վաշտի տղաների հիմնական առաջադրանքը զենք-զինամթերքի տեղափոխումն էր։ Արայիկի խոսքով՝ քառօրյա պատերազմի ժամանակ եղբոր հետ միասին էին, 44-օրյային՝ տարբեր հատվածներում։ «Իրականում, ամենածանրը պատերազմի օրերից հենց այդ բաժանումն էր։ Պատերազմի ամբողջ վախը եղբորս հետ էր կապված»,-ասում է Արայիկը։
Պատերազմից հետո Արցախը կորուստներով, բայց կարծես երկրորդ շնչառությունն էր ստանում։ Արայիկն այդ ժամանակ աշխատանքի անցավ Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում որպես երաժշտության դասընթացավար։ Երեխաների հետ աշխատանքը օգնում էր անգամ շրջափակման ծանր օրերին։ Թումոյում ծանոթացավ ապագա կնոջը, միասին արդեն երկրորդ զավակին են սպասում։ Արայիկը Արցախի ջազ նվագախմբում է 2012-ից մինչ օրս։ Տեղահանվելուց հետո նվագախմբի անդամների մի մասը հեռացել է, արտագաղթել տարբեր երկրներ, բայց հեռացածներին փոխարինել են հայաստանցի երաժիշտները։ «Բենդը տորթի նման հավասար կիսել ենք»,-ասում է Արայիկը՝ չափազանց կարևորելով Արցախի ջազ նվագախմբի հայաստանյան շարունակությունը։